Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել
 |civilnet.am|

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, առ այսօր չի լուծել ավտոբուսների վարորդների համար նախատեսված զուգարանների խնդիրը։ Այս մասին պարզ դարձավ քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի քննարկումից։ Դեռ 2024-ի դեկտեմբերի 3-ին ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ մի քանի պահանջ առաջադրելով քաղաքային իշխանությանը։ Դրանցից մեկը երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարանների ապահովումն էր։ Այսօր, սակայն, պարզվեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ինչ է իրականացվել այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Այվազյանը հայտնեց. «Մինչև հունվարի վերջ կլինի»։ Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան նա կրկնեց նույն ժամկետը։ «Բոլոր կետերում, որտեղ կարիք ունենք, այդ զուգարանները կունենա՞նք», – հետաքրքրվեց Ավինյանը՝ խնդրելով ևս մեկ անգամ վստահեցնել, որ մինչև հունվարի վերջ կլինի։ Ի պատասխան՝ այս անգամ Էդուարդ Այվազյանն ասաց՝ «փորձենք»։ Այնուհետև պարզվեց, որ ընկերությունն անգամ մրցութային փուլը չի սկսել։ Այն ընդամենը երեքշաբթի օրն են նախատեսում մեկնարկել։ Ավինյանն էլ կատակեց. «Էդ գնաց, մրցույթը՝ դրիմ» (ակնարկելով «Կարգին հաղորդման» հայտնի՝ «Պատուհանը դրի՛» դրվագը – Գ․Թ․)։ Ավինյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրեց մրցույթը սեղմ ժամկետներում կազմակերպել, քանի որ վարորդներին խոսք են տվել։
11:49 - 13 հունվարի, 2025
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը․ Հայկ Կոստանյան

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը․ Հայկ Կոստանյան

Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։  «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- նշված է գրառման մեջ։  Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե ինքն էլ տեղյակ չի եղել իր համար ձեռք բերված տոմսի արժեքից․ «Տեղին քննադատված թեմաներից մեկին կուզեմ անդրադառնալ։ Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել տոմսերը։ Ես էլ ապշած էի այդ թվերից։ Կարծում եմ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին։ Եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի և եռակի ավելի թանկ ձեռք բերեինք: Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրն ուսումնասիրել»,- ասել է Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ:
11:26 - 13 հունվարի, 2025
Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, բայց փոխարինված գծերում ժամերով սպասում են․ Տիգրան Ավինյան
 |civilnet.am|

Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, բայց փոխարինված գծերում ժամերով սպասում են․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Առաջին բանը, ինչ մարդիկ հունվարի 1-ին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր. հունվարի 13-ին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև հետաքրքրվեց, թե քանի վարորդների կարիք ունի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, թե 225 վարորդների պակաս կա։ Այս հայտարարությունը զայրացեց Ավինյանին։ Քաղաքապետը մեղադրեց ընկերությանը գործընթացը ոչ պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ պետք է նախապես սկսեին վարորդների հերթագրումն ու աշխատանքի ընդունումը, որպեսզի հունվարի 1-ից համակարգը պատրաստ լիներ։ «Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, գիտենք՝ հունվարից ինչ ուղղություններով և ինչ գծեր ենք փոխարինելու։ Այս ամենով հանդերձ, մենք ունենք հավաքագրման խնդիր։ Ինչո՞ւ պիտի քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Առավելագույնը 30 տոկոս պակաս կա վարորդների։ Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում նրանք․ փոխարինված գծերում ժամերով սպասում են։ Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասեք։ Հունվարի վերջով մենք այս ցուցանիշն էականորեն պիտի բարելավված լինենք», – ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ «Երևան ավտոբուսի» էլեկտրոնային շտեմարանը ևս անհասկանալի է և թերություններով լի։
11:20 - 13 հունվարի, 2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Հայկ Կոստանյան

Տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Հայկ Կոստանյան

09․01․2025 թ., այսինքն՝ վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:   «Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։   Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։   Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։   Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։   Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»,- նշված է գրառման մեջ։
20:24 - 08 հունվարի, 2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր |armenpress.am|

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր |armenpress.am|

armenpress.am: Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր: Այս մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք,  որպեսզի նման  իրավիճակ չունենանք:  Այդ աշխատանքներով  պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու  են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել  է, դրանք  տեղադրվել են MAN  մակնիշի ավտոբուսներում  և տրոլեյբուսներում: Իսկ արդեն   փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք  տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է»,- ասաց Գրիգորյանը:  
18:47 - 08 հունվարի, 2025
Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան
 |factor.am|

Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան |factor.am|

factor.am: «Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։ «Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ 100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»,- ասաց Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նաև նշեց, որ քաղաքացիներն էլ կարող են բջջային հավելվածով ստուգել, որ, օրինակ՝ նույն Բեռլինում մեկ ուղևորության տոմսի վավերականության ժամկետը գնման պահից 2 ժամ է՝ նույնիսկ 4 օր էլ չի, ինչպես մեզ մոտ է։
18:29 - 08 հունվարի, 2025
Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ուսանողները կարո՞ղ են օգտվել տոմսային համակարգի արտոնություններից. պարզաբանում
 |1lurer.am|

Երևանում հաշվառում չունեցող թոշակառուներն ու ուսանողները կարո՞ղ են օգտվել տոմսային համակարգի արտոնություններից. պարզաբանում |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքին առնչվող ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդադարձավ համակարգի արտոնությունների տրամաբանությանը, այն է՝ առանձին խմբերի դեպքում կարևո՞ր է, որ քաղաքացին ունենա Երևանի հաշվառում, թե՞ արտոնությունները բոլորին են վերաբերում: Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է խմբից: Օրինակ՝ թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից: «Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում, այսինքն՝ աշխարհում տարածված է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու: Այսինքն՝ դուք կարող եք ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, ոչ Երևանում, ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում եք ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, ձեզ արտոնությունը հասանելի է»,- ասաց փոխքաղաքապետը:
18:10 - 08 հունվարի, 2025
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

2025 թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ «Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով. ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։ Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվելու հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։ Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք. 1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները. 2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը. 3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։ Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ. 1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը. 2. ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։ Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։ Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.   1. գրանցվել transport.yerevan.am կայքում. 2. անցնել առցանց նույնականացում. 3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։   Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն, գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։   Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․   1. ձեռք բերել տրանսպորտային քարտ. 2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար. 3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։   Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։   Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։   Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։   Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։   Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։   Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։   Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
15:42 - 07 հունվարի, 2025
Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։   «Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։   Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։   Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։   Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։   Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։   Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»,- ասված է ուղերձում։
11:45 - 31 դեկտեմբերի, 2024