Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից․ որոշումը քիչ առաջ կայացրեց Երևանի ավագանին։
«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին հեռացնում են, որովհետև գործող իշխանության դեմ են դուրս եկել և նրանց հրաժարականն են պահանջում։ Նա ասաց, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով։
«Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվե՞լ, թե՞ կարող է մտածում եք իմ գործատուն ենք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են։ Հարգելիներս, դուք ո՞վ եք։ ՔՊ-ից ասում են՝ ավագանու անդամը կարող է հեռացվել, կամ՝ ոչ, այսինքն՝ հայեցողության հարց է՝ կարող է նաև չհեռացվել»,- ընդգծեց Մարությանը՝ հավելելով, որ իրեն հեռացնելու գործընթացն արվում է մի նպատակով. զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։
Նրա խոսքով նիստերից բացակայելը դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվում, որովհետև աշխատանքի առյուծի բաժինն արվում է դահլիճից դուրս՝ ընդգծելով, որ թեև նիստին չի մասնակցում, բայց գործընկերների հետ մասնակցում է բոլոր նախագծերի քննարկմանը։
«Միայն նիստերին չգալով, քվորում չապահովելու միջոցով է հնարավոր, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»,- նշեց Մարությանը։
Նախկին քաղաքապետն ասաց՝ չի եկել, որ չմասնակցի ՔՊ-ի նախաձեռնած նախագծերի քվեարկություններին, որոնց դեմ է եղել։
Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։
Խմբակցության անունից իր ելույթում Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի թանկացմանը․
«Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու։ Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։
Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013թ․ միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, անպես էլ հիմա գան և միանան։ Եվ եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են S դասի մերսեդեսներով ու բենվեներով գան, մեկ էլ են ձեր ախրանիկների մեքենաներն էլ կբերեք, գործ շատ ա լինելու»,- ասաց Մարությանը։
Մեկ այլ որոշմամբ մանդատից զրկվեց նաև Նարինե Հայրապետյանը։
comment.count (0)