Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։ Թագուհի Թովմասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները:  Նա նշել է, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով Հայաստանին և նրա քաղաքացիներին չեն օգնում: Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ: ՀՀ ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝  ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են։ Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որոնցով խաղաղության գործընթացը վտանգվում է:
12:51 - 01 մայիսի, 2023
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Լուկաս Ֆուրլասը մտքեր են փոխանակել ԵԽ-ում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ու Լուկաս Ֆուրլասը մտքեր են փոխանակել ԵԽ-ում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, եվրախորհրդարանական ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև՝ նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝ ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակն։ Ընդգծվել է, որ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում: Մտքեր են փոխանակվել Եվրոպական Միությունում հայկական շահերի արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցկացնելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։
16:03 - 26 ապրիլի, 2023
ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին
 |1lurer.am|

ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի՝ իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ: «Մենք հայտնում ենք մեր խոր մտահոգությունը՝ կապված 2023 թվականի ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հետ: Դա կարող է ունենալ բացասական հետևանքներ և ընկալվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված զինադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման նկատմամբ, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ մարդասիրական դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարում է խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։ Մենք հորդորում ենք Բաքվին անհապաղ փոխել իր կուրսը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։ Եվրամիությունը դարձյալ պատրաստ է աջակցելու կողմերին՝ բոլոր տարաձայնությունները լուծելու բանակցությունների միջոցով: Ավելին, ցավալի է, որ նման գործողություններն իրականացվել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին: Այդ օրը նշվում է 108 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած բնաջնջման տարելիցը: Մենք նշում ենք մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, որոնք զոհվեցին ցեղասպանության ժամանակ, և կոչ ենք անում միջազգային հանրությանն աչալուրջ լինել սադրիչ հռետորաբանությանն ու ատելություն հրահրող գործողություններին, որոնք խոչնդոտում են հաշտեցումը»։
15:24 - 26 ապրիլի, 2023
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի․ Իսլանդիայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի․ Իսլանդիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը իսլանդական նախագահության անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հանդես է եկել ուղերձով։ Հարցուպատասխանի ժամանակ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ ընթացիկ հումանիտար իրավիճակն անհանգստության առիթ է։   Նախարար Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը նշել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք վերականգնվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։   Տիկին Գիլֆադոթիրը վերահաստատել է հունվարի 19-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության անունից արված հայտարարությունը՝ կրկին կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։   Նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։
19:18 - 25 ապրիլի, 2023
Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

aysor.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել: «Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- նշել է Միյատովիչը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նա նշել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից: «Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչու այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։
13:20 - 25 ապրիլի, 2023
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավորն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավորն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ

Ապրիլի 24-26-ը Հայաստանում է Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Նշվում է, որ գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական կողմը ապօրինի կերպով անցակետի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ «Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը ծանոթացել է նաև վերջերս Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եվրոպացի պատգամավորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ ։ Ապրիլի 25-ին Երևանում հանդիպումներ են նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ղեկավարի և անդամների, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։ Եվրոպական Խորհրդարանում Սույն փաստահավաք առաքելության նպատակների գործնականացման վերաբերյալ ավելի ուշ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնում են Գրասենյակից։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
10:51 - 25 ապրիլի, 2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կիսել է Հարավային Կովկասում առկա մտահոգությունները |1lurer.am|

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կիսել է Հարավային Կովկասում առկա մտահոգությունները |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասում էսկալացիայից է խոսել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ կիսում է առկա մտահոգությունները: «Միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը էլ ավելի է վատթարացնում այնտեղ ստեղծված իրավիճակը։ Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը: Երբ դեկտեմբերին Լաչինը արգելափակվեց, ես կոչ արեցի վերականգնել ազատ տեղաշարժը, այժմ էլ նույնն եմ կրկնում։ Աներևակայելի է, թե որքան դժվար է այնտեղ ապրող մարդկանց համար: Նաև ցանկանում եմ կոչ անել կողմերին շարունակելու բանակցությունները։ Երբ նրանք դարձան Եվրոպայի խորհրդի մաս, նրանք ընդունեցին, որ պետք է աշխատեն առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Ավելորդ է նաև ասել, որ Եվրախորհրդի բոլոր մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է մեր մանդատը: Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է՝ նրանց թույլատրել տեղում գնահատել իրավիճակը»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
20:57 - 24 ապրիլի, 2023
Տեղ համայնքում զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Տեղ համայնքում զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար իրավունքները. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 20-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Շնորհավորելով տիկին Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բազմամյա խորը, համակողմանի և արդյունավետ համագործակցությունը, և թե՛ տիկին Մանասյանի հետ տարբեր հանձնառությունների շրջանակում նախորդիվ արդյունավետ համագործակցությունը կնպաստեն երկու հաստատությունների համագործակցության շարունակականության ապահովմանը: Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին հանդիպման համար՝ ընդգծելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի ստանձնումը մեծ պատասխանատվություն և առաքելություն է՝ ուղղված մարդու իրավունքների և ազատությունների իրացման երաշխավորմանը և պաշտպանության պատշաճ համակարգի կայացմանը:Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է սույն թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։ Պաշտպանը նաև ընդգծել է, որ զինված ընդհարման արդյունքում խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները: Կողմերը անդրադարձել են Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» երկու փուլով իրականացված ծրագրին՝ բարձր գնահատելով աշխատանքները, որոնք նպաստել են ինչպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը:
10:21 - 22 ապրիլի, 2023
ԳՐԵԿՈ-ն Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում առաջընթաց է գրանցել

ԳՐԵԿՈ-ն Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը: Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայում արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված: Նշյալ 2 հանձնարարականներն առնչվում են դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը։ Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի կողմից դրական է համարվել դատախազների շրջանում վարքագծի կանոնների, շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող վերապատրաստումների, ինչպես նաև դատախազությունում խորհրդատվական կարգով շահերի բախման, վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ տրվող խորհրդատվական մեխանիզմի ներդրումը: ԳՐԵԿՈ-ի կողմից առաջընթաց է համարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների շրջանակների հստակեցմանն ուղղված քայլերը:Անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին, հարկ է նշել, որ դրանք առնչվում են ԱԺ պատգամավորների և դատավորների գործունեության վերաբերյալ տրված հանձնարարականներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կարգավորումներին, որը պայմանավորված է 2022 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությամբ և համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ: Միաժամանակ, անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին ԳՐԵԿՈ-ն շեշտել է, որ Կառավարությունը դրանց կատարման ուղղությամբ շարունակում է ակտիվ քայլեր իրականացնել:Առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով։Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից սկսած անդամակցում է ԳՐԵԿՈ-ին և հանձնարարականների գնահատման համատեքստում պարբերաբար ենթարկվում է գնահատման։
16:51 - 05 ապրիլի, 2023
Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ

Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ

Առաջիկա երկու տարիներին Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան-փորձագետ, ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։ Մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվեց «GRETA»-ի 47-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընտրվեց «GRETA»-ի խորհրդի նոր կազմը՝ առաջիկա երկու տարվա համար։ Հելգա Գայերը, ով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի, բռնի հանցագործությունների և անհայտ կորածների վարչության տնօրենն է, վերընտրվել է «GRETA»-ի նախագահ: Անտուանետա Վասիլևան՝ Animus Association/La Strada Bulgaria ավագ փորձագետ և Բուլղարիայի Ապահով ինտերնետ կենտրոնի համակարգող, վերընտրվել է «GRETA»-ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Իսկ «GRETA»-ի երկրորդ փոխնախագահ է ընտրվել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։ *** «GRETA»-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ է, որը կոնվենցիան վավերացրած երկրներում դրա կատարման գնահատման պատասխանատուն է։ «GRETA»-ն կազմված է կոնվենցիան ստորագրած երկրների 15 անկախ և անկողմնակալ փորձագետներից: Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են (իրավաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն) և ընտրվում են իրենց մասնագիտական փորձի հիման վրա: «GRETA»-ի անդամների պաշտոնավարման ժամկետը չորս տարի է՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ:
14:47 - 04 ապրիլի, 2023
GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում
 |aravot.am|

GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների եվրոպական խումբն (GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի մասին, որում գնահատվում է երկրի առաջընթացը խորհրդարանի, դատավորների և դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման Գնահատման չորրորդ փուլի զեկույցում արված առաջարկությունների իրականացման հարցում: Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չկատարված առաջարկություններն իրականացնելու համար։ 2015թ. տրված 18 հանձնարարականներից 9-ը իրականացվել են բավարար չափով կամ դրանց նկատմամբ բավարար մոտեցում է ցուցաբերվել: Մյուս 9 առաջարկությունները մասամբ են իրականացվել: Առաջարկություններից մեկը, որն այժմ համարվում է բավարար կերպով իրականացված, համեմատած 2021 թ. համապատասխանության վերջին զեկույցի հետ, վերաբերում է բոլոր դատախազների համար էթիկայի ու վարքագծի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պարտադիր դասընթացին, ինչպես նաև դատախազության շրջանակներում գաղտնի խորհրդատվության տրամադրմանը: GRECO-ն նաև եզրակացրել է, որ խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների նկատմամբ կիրառվող ունեցվածքի հայտարարագրման կանոնների արդյունավետ վերահսկման և կիրարկման վերաբերյալ հանձնարարականի վերաբերյալ բավարար կերպով արձագանք է եղել: GRECO-ն նշում է, որ Հայաստանի կողմից առաջարկություններին համապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չէ, ինչպես որ 2019 թ. եզրակացության մեջ էր: GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրում է ամենաուշը մինչև 2024թ. մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն չստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
15:29 - 03 ապրիլի, 2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա |armenpress.am|

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Այսօր Կիև Է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նրա այցի մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։ Այդ մասին տեղեկանում ենք «Корреспондент» գործակալությունից: «Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Կիևում։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասի ռեեստրի ստեղծման՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնության համար»,- նշել Է Ջապարովան։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են արդարության հաստատման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Այսօր անսպասելի այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի վերականգնման և էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը: Ի դեպ՝ լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին կայցելի Լեհաստան:
14:42 - 03 ապրիլի, 2023
ԵԽ Նախարարների կոմիտեում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը

ԵԽ Նախարարների կոմիտեում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը

Մարտի 29-ին կայացել է ԵԽ Նախարարների խորհրդի հերթական հանդիպումը, որին տեղի է ունեցել մտքերի փոխանակում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահ Ալան Միտչելի հետ։   ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական կերպով գտնվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին։ Դատապարտելի է համարել, որ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները և միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, Ադրբեջանը առ այսօր հրաժարվում է առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Ներկայումս ադրբեջանական կողմն ընդունում է, որ Ադրբեջանում պահվում են միայն 33 հայ ռազմագերի։   Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանի իշխանությունները բեմադրված դատավարություններ են կազմակերպել հայ ռազմագերիների նկատմամբ։   Հայ ռազմագերիները, զրկված լինելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության իրավունքից, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքից, Բաքվի կառավարության վերահսկողության տակ գտնվող դատարանների կողմից դատապարտվել են մինչև 20 տարվա ազատազրկման: Առկա են նաև բռնի անհետացումների փաստագրված դեպքեր։   Հայ ռազմագերիների վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է, որ միջազգային իրավասու մարմինները, այդ թվում՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, շարունակեն ուշադիր հետևել այս հարցին:    
19:17 - 29 մարտի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող  հումանիտար աղետի մասին ահազանգերը։  Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։ «Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:50 - 21 մարտի, 2023
Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի
 |armenpress.am|

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի |armenpress.am|

armenpress.am: Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: Այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը: «Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», - նշել է եվրահանձնակատարը: Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը: Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ: Վարհելին շեշտել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո ավելացել է ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը, սակայն ավելացել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը: «Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», - հավելել է եվրահանձնակատարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում, և դրա մեջ անձնական շահագրգռվածություն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ: Օլիվեր Վարհելին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հրատապ լուծման ենթակա բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտն է, իսկ մարտի 5-ի ողբերգական միջադեպը (խմբ․ մարտի 5-ին Արցախում ադրբեջանցի դիվերսանտների հարձակման հետևանքով զոհվել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայողներ) ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը «դյուրավառ» է: Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը հետևում է տեղում անվտանգային իրավիճակին և զեկուցում դրա մասին: «Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերում», - եզրափակել է Վարհելին: Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:
15:18 - 16 մարտի, 2023
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց |armenpress.am|

Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին: Բանաձևին կողմ քվեարկեց 534 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 66: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, մասնավորապես՝ դատապարտել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որը վատթարացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը: Բանավոր փոփոխությունները ևս ընդունվեցին: Եվրոպական խորհրդարանին ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել: Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման համար հարկավոր է դադարեցնել բռնությունը, երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:  Փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանը Transparancy International հակակոռուպցիոն կենտրոնի ինդեքում 2016-2021 թթ.-ին 16 կետով բարելավել է իր դիրքերը, զգալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և դրական քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: «Այդուհանդերձ, 2021 թ.-ին հակակոռուպցիոն և դատական խոստացված բարեփոխումները դանդաղել են համավարակի և Լեռնային Ղարաբաղի նոր հակամարտության առաջացրած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով», - նշվում է զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021 թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:  
17:15 - 15 մարտի, 2023