ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից պահանջում է բռնագանձել Երևանի Կենտրոնում 3 բնակարան ու ավելի քան 9 մլրդ դրամ

Դատախազությունը Սեդրակ Առուստամյանից պահանջում է բռնագանձել Երևանի Կենտրոնում 3 բնակարան ու ավելի քան 9 մլրդ դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 23-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից (Սեդրակ Առուստամյան-խմբ․), նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝   Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 296 մլն դրամ. Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 135 մլն 740 հազար դրամ. «ԾՈՒՊԱՆԻ» ՓԲԸ-ի 33.334 հատ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 56 մլն 909 հազար 394 դրամ. 10 հանձնված փոխառությունների չվերադարձված մասերի պահանջի իրավունք՝ 2 մլրդ 72 մլն 182 հազար 335 դրամի չափով. 5 մլրդ 180 մլն 867 հազար 198 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ. 1 մլրդ 706 մլն 303 հազար 920 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
10:18 - 30 մարտի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։  Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ։   Ո՞վ է կառուցապատողը «Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։ Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն,  որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։  Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167  քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։    Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։  «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։  Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000  դրամով նվազ է գնել։ Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։  Հակակոռուպցիոն կոմիտեից, պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը, հայտնել են՝ «անշարժ գույք գնելու իրավունքի առքուվաճառքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ կնքվել է 2021-ի փետրվարի 23-ին, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նույն թվականին կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հայտարարագրում»։ Սասուն Խաչատրյանից խնդրել էինք մեզ տրամադրել թաղամասում բնակարան գնելու համապատասխան ամրագրումը հավաստող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է։ Պատասխանել են՝ բնակարանի ամրագրումը կատարվել է ավելի վաղ, պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ, սակայն ամրագրումը հավաստող այլ փաստաթղթեր չեն տրամադրվել։ Անդրադառնալով Սասուն Խաչատրյանին զեղչ տրամադրելու մասին հարցին, Հակակոռուպցիոն կոմիտեից խորհուրդ են տվել այդ հարցն ուղղել տեղեկատվությունը տնօրինողին (նկատի ունեն «Ջերմուկ գրուպ»-ին)։    Չբացահայտված և կասեցված  ընտրակաշառքի գործ Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով, կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։  Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվել է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը ՀՀ-ում սկսել է գործել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվել է ՀՔԾ-ի վարույթում եղած գործերի մեծ մասը։ Իսկ Սասուն Խաչատրյանը, որը ՀՔԾ պետն էր, նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։  Ընտրակաշառքին վերաբերող քրեական գործը ներառում է նաև խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել էր, որ Մալիշկայի համայնքապետը ձևակերպել է, որ իր հարսը համայնքի մարզադպրոցի բուժքույրն է, և չնայած նա աշխատանքի երբևէ չի հաճախել, կանոնավոր կերպով աշխատավարձ է ստացել, համայնքապետարանն էլ աշխատաժամանակի կեղծ տեղեկագրեր է կազմել։ Մեկ այլ դրվագով Մհեր Մովսիսյանը մեղադրվում է սոցիալապես անապահով անձանց ընտանիքներին համայնքապետարանի բյուջեից գումարներ փոխանցելու, ապա դրանք կանխիկացնելու և հափշտակելու համար։ Այս դրվագները քննվում էին ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ մեկ քրեական գործում։  Ոստիկանության բացահայտումից գրեթե մեկ տարի անց՝ 2019 թ․ հունիսի 6-ին, ՀՔԾ-ն, Մհեր Մովսիսյանի կողմից գույք հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու դրվագի ապացույցները բավարար համարելով, գործն այդ մասով ուղարկում է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան ուղարկված գործով Մովսիսյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է ընդհանուր 230 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք տալու մեջ։ Նկատենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել էր 13 միլիոն ՀՀ դրամ։ Դատարան ուղարկված գործը դեռ քննության փուլում է։ Գործն այդ մասով դատարան ուղարկելու հետ մեկտեղ ՀՔԾ-ն իր վարույթում է պահում ու շարունակում քննել ընտրակաշառքի գործը։ Ենթադրվում է, որ դրա շրջանակում պիտի պարզվեր՝ կոնկրետ որ թեկնածուի համար է ընտրակաշառք վճարել Մհեր Մովսիսյանը, ումից է նա ստացել այդ ընտրակաշառքի գումարը, ովքեր են ներգրավված եղել այդ գործընթացում և այլն։ Գործով, սակայն, ըստ էության ոչինչ էլ չի պարզվում,  և 2021 թ․ հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում գործի վարույթը կասեցվում է։ Ինչպես տեղեկացրին Կոմիտեից, այն կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։  Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն գործերի նախաքննության փուլում չի կարողացել հիմնավորել ու ապացուցել ոստիկանության կողմից իրեն փոխանցված ընտրակաշառքի դեպքը, աղբյուրները, նաև պարզել այն անձին, որը գումար է փոխանցել Մալիշկայի համայնքապետին՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ ընթացքում էլ Սասուն Խաչատրյանը իր հարևաններից էականորեն տարբերվող գնով բնակարան է գնել Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող  ընկերությունից։    Սասուն Խաչատրյանի ընտանիքի մյուս գույքերը 2018-ին՝ ՀՔԾ պետ դառնալուց հետո, Սասուն Խաչատրյանը կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի հետ բնակարան էր գնել Քանաքեռ-Զեյթունի Ահարոնյան փողոցում գտնվող բնակելի շենքից։ Խաչատրյանը բնակարանը գնել էր 24.3 միլիոն դրամով, այդ նպատակով վարկ էր ներգրավել նաև ՎՏԲ բանկից։ Բնակարանի մակերեսը 96 քառ. մետր է։ 2021-ի օգոստոսին բնակարանը գնահատվել էր առքուվաճառքի գնի կրկնակիի չափով՝ 48.8 միլիոն դրամ։ Այս շենքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ունի նաև ավտոկայանատեղի։  2013-ին Սասուն Խաչատրյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդին ու հողամաս ձեռք բերել Դավիթ Անհաղթ 2/2 հասցեում։ 2013-ին Սասուն Խաչատրյանին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելու նպատակով։ Հողամասի մակերեսը 185 քառ. մետր է։ Քաղաքապետարանի հայտարարած աճուրդին, բացի Խաչատրյանից, մասնակցել է նաև քաղաքացի Գագիկ Հովսեփյանը, սակայն ավելի բարձր գին առաջարկել ու հաղթել է Սասուն Խաչատրյանը։ Նա այդ ժամանակ, ըստ պաշտոնական կենսագրության, Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ էր։ Աճուրդում հաղթելուց հետո Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրել է առքուվաճառքի պայմանագիր՝ հողամասի համար վճարելով 4.2 միլիոն դրամ։  Սրանցից բացի` Սասուն Խաչատրյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան ունի Երևանի Ազատության պողոտայում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Խաչատրյանը սա նշել է որպես նվիրատվություն։  Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Նա այս բնակարանի համասեփականատերերից է։ Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որ այժմ փաստաբան է, եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի՝ քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ։ Սեփականության իրավունքով նրան են պատկանում Երևանի Բաբայան փողոցում գտնվող մեկ բնակարան և ավտոկայանատեղի։ Մի հողամաս էլ ունի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի այգեգործական տարածքում։ Մհեր Խաչատրյանին է պատկանում «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը։  Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը իրավաբան է, 2021-ից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
20:11 - 29 մարտի, 2023
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու կոռուպցիոն բնույթի գործերի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև կառույցի գործունեության ընթացքում արձանագրված արդյունքները: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի ստեղծումն ու ընդլայնումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով՝ այսօր հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն անհրաժեշտություն է, ուստի՝ հաշվի առնելով Ճապոնիայի հարուստ փորձն ու ներուժը հիշյալ ոլորտում, Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և այս հանդիպումը դիտարկելով որպես երկու երկրների իրավապահ համագործակցության արդյունավետ սկիզբ՝ Ճապոնիայի դեսպանը, իր հերթին, ներկայացրել է իրենց երկրի իրավապահ համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները: Միաժամանակ, անդրադառնալով առհասարակ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ այն ժողովրդավարական երկրների կայացման կարևոր գործոններից է, և այդ տեսանկյունից իրապես ողջունելի քայլ է համարում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:
17:57 - 29 մարտի, 2023
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել

Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր մեղադրանք է ներկայացվել փաստաբան Լեւոն Գեւորգյանին։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Օհանջանյանի փոխանցմամբ՝ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը (որը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Լեւոն Գեւորգյանն է եղել), ըստ ոստիկանության, դրա դիմաց 40 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Դրանից հետո կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ ազատ արձակվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Լեւոն Գեւորգյանի հետ՝ ենթադրյալ դեպքի եւ մեղադրանքի վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը լսելու համար, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի են։ Գեւորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։     Միլենա Խաչիկյան
17:34 - 29 մարտի, 2023
Իրավաբան Լեւոն Գեւորգյանն ազատ է արձակվել

Իրավաբան Լեւոն Գեւորգյանն ազատ է արձակվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված փաստաբան Լեւոն Գեւորգյանը երեկ ազատ է արձակվել։ Գեւորգյանին մեղադրանք առաջադրվել է թե ոչ՝ առայժմ հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին վարույթի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկություն չկա։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Լեւոն Գեւորգյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի են։ Հիշեցնենք՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը, որ Լեւոն Գեւորգյանն է եղել, ըստ ոստիկանության, դրա համար 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, ինչից հետո կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի՝ կաշառք տալու հոդվածով, որն ավելի ուշ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։ Լեւոն Գեւորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։   Միլենա Խաչիկյան
19:25 - 24 մարտի, 2023
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին: Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները: Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):  Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:59 - 24 մարտի, 2023
Պարեկներին 40․000 դրամ կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լեւոն Գեւորգյանը

Պարեկներին 40․000 դրամ կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լեւոն Գեւորգյանը

Կաշառք տալու կասկածանքով այսօր ձերբակալվել է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար պարեկային ծառայողներին առաջարկել է 40.000 դրամ․ «Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»: Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար): Կատարվում է նախաքննություն:   Միլենա Խաչիկյան
16:21 - 22 մարտի, 2023
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը
 |armtimes.com|

Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից (Գևորգ Վարդանյան-խմբ․) հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել անշարժ գույք և գումար։  Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից (Հովիկ Աբրահամյան-խմբ), նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր և այլն։
12:14 - 22 մարտի, 2023
Արշակ Հակոբյանը տարիների ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք ու օրինականացրել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Արշակ Հակոբյանը տարիների ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք ու օրինականացրել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված շուրջ 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և անչափահաս որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ և ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Հ.-ն 2012 և 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը: Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Այսպիսով՝ հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք: Բացի այդ, Ա. Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ.-ին Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար, 2013 թ. Ա. Հ.-ին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել Ա. Հ.-ի անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար: Այդ նպատակով Ա. Հ.-ն 2013 և 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71 մլն 556 հազար ՀՀ դրամով և 80 մլն 200 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151 մլն 756 հազար ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա. Հ.-ն 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Վերոգրյալի հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 21 մարտի, 2023
Կալանավորվել է «Մեդլայն» ԲԿ-ի փոխտնօրենը |factor.am|

Կալանավորվել է «Մեդլայն» ԲԿ-ի փոխտնօրենը |factor.am|

factor.am: Կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով ձերբակալվել, ապա կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ.Հ-ն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական կողմի միջնորդությունը և խափանման միջոցն ընտրել կալանքը։ Ըստ ամենայնի, Լ.Հ-ն այս պահին ԲԿ-ի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Լիլյա Հովակիմյանն է։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել բժշկական կենտրոն, տեղեկության մասով մանրամասներ ճշտելուց, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Դեռ օրեր առաջ կալանավորվել էր նաև ԲԿ-ի տնօրենը, Երևանի փոխքաղաքապետ, համավարակի օրերին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Սիմոնյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: «Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»,–ասվում է հաղորդագրության մեջ:  
17:57 - 14 մարտի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը հիմնված է ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա. «Մեդլայն կլինիկ»

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը հիմնված է ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա. «Մեդլայն կլինիկ»

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող գործի վերաբերյալ, որի շրջանակներում կալանավորվել է ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Ըստ Կոմիտեի՝ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կեղծ հաշվետվություններ ներկայացնելով՝ հնարավորություն է ստացել «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով», նախնական համաձայնությամբ, խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 դրամ: Ստորեւ՝ ԲԿ-ի հայտարարությունը։ 2020 թվականին, երբ երկրագնդում մոլեգնում էր Covid-19 կորոնավիրուսային մարդասպան վարակը, իսկ ռազմաճակատից, ցավալիորեն, չէր դադարում մեր վիրավոր հերոսների հոսքը, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնն անմնացորդ նվիրումով ներգրավվեց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների՝ այդ թվում, համավարակի դեմ պայքարին: Մեծ ջանքերի և ներդրումների շնորհիվ, մենք արագորեն ստեղծեցինք առանձնացված բուժկենտրոններ ու կազմավորեցինք արհեստավարժ և նվիրված բուժական անձնակազմ: Այսպիսի ծայրահեղ դժվարին, անկանխատեսելի ու անվերահսկելի պայմաններում, երբ համաշխարհային գիտությանը հայտնի չէին Covid-19 վարակի դեմ պայքարի բուժական միջոցները ու մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարում անընդհատ կիրառվում էի փորձարարական մեթոդներ՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի գերմարդկային ճիգերի և շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց փրկել հազարավոր կյանքեր, վերականգնել հազարավոր մարդկանց առողջությունը, իսկ մահացությունների թիվը հասցնել նվազագույնի: 2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների: Մեր ջանքերը արժանվույն գնահատվեցին թե՛ մեր պացիենտների, թե՛ հանրության, և թե՛ պետության կողմից: Մասնավորապես՝ մահացության նվազագույն ցուցանիշն ապահովելու հանգամանքը հաշվի առնելով, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով, իսկ մինչ օրս մեր պացիենտներից և նրանց հարազատներից մենք ստանում ենք հարյուրավոր շնորհակալական խոսքեր և հաղորդագրություններ: ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրը ֆինանսվավորվել է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով, սակայն՝ պետության սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծախսերը հաճախ հոգացել է նաև իր սեփական շահույթից: Պետական ֆիանսավորումը յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առաջությունը և գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների: Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է: «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար: Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները: Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր: Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու բարձրակարգ ծառայություններով: 
13:26 - 13 մարտի, 2023
«Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ». Արսեն Թորոսյան

«Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Չէի ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված եմ` հաշվի առնելով երեկ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ. 1. Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում (ամբողջական տեսանյութը): Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Եվ ի վերջո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ համավարակի դեմ պայքարի զանազան ասպեկտներ (անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ կոնկրետ ինչ): Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հանձնաժողովի աշխատանքների մասին ինձ շատ բան հայտնի չէ, չնայած բազմիցս հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել նիստերին և պատասխանել հարցերի: Ինչևէ, հանձնաժողովը դիմում է Հաշվեքննիչ պալատին, որը այդ պահին ղեկավարում էր Լևոն Յոլյանը և հաշվեքննությունը հանձնարարվում է հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Յոլյանի և Բախչագուլյանի քաղաքական անցյալը բոլորին է հայտնի, և հաշվեքննության «արդյունքներն» էլ համապատասխան են դրան: 2. Հաշվեքննությունը ուղարկվում է դատախազություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում և դատախազությունը այն ուղարկում է հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ քրեական վարույթներ է նախաձեռնում դրա վերաբերյալ: 3. Հիմա անդրադառնամ այդ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթներին, որոնք առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաններ, բժիշկներ, պացիենտներ: Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո՛չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո՛չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել, և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ՞ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե՛ նպատակները, թե՛ տրամաբանությունը: Հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրս գրմանը: Տարօրինակ է նաև, որ մինչև երեկ չէր հարցաքննվել նաև երեկ ձերբակալված Գևորգ Սիմոնյանը: Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը, և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով: 4. Տարօրինակ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի՝ քննությունը, պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա: Սխալ եք պարզել, հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին: 5. Հիմա անդրադառնամ կոնկրետ մեղադրանքներին, անկախ մեղադրյալների անձերից: Հաշվի առնելով արտակարգ դրությունը և համավարակը՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով՝ նրա տեղակալներից մեկին վերապահվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համակարգի ծավալման, կազմակերպման, բուժման դիմաց ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, մյուս տեղակալներին վերապահվել էին այլ գործառույթներ (հակահամաճարակային միջոցառումներ, դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերում և այլն): Ֆինանսավորման համակարգման գործառույթը չի ենթադրում այնպիսի վերահսկողական գործառույթներ, որոնք կենթադրեին ներկայացված հաշվետվությունների հետ այնպիսի գործողություններ, որոնք հենց այդ պահին կճշտեին, թե արդյոք բոլոր ԲԿ-ների բոլոր պացիենտներն են հոսպիտալացված հենց սովորակական հիվանդասենյակում կամ հենց վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես ներկայացված էր հաշվետվության մեջ, այլ ենթադրում էր միայն փաստաթղթային համապատասխանության ապահովում և դրա հիման վրա ֆինանսավորում: Կորոնավիրուսային համավարակների պիկերի ժամանակ ԲԿ-ներում միաժամանակ բուժվում էր մի քանի հազար պացիենտ, և այդ աշխատանքը, որը ակնկալում էր Կոմիտեն (իհարկե, հայտնի չէ՝ ինչ իրավական հիմքով), ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել: Կոմիտեի աշխատակիցները հավանաբար մոռացել են, թե ինչպես էր երկիրը այդ օրերին պայքարում համավարակի դեմ: Եվ ընդհանրապես առողջապահության ֆինանսավորման մեջ ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը, միշտ ստուգվում է հետագայում, երբ ստուգումներ են բացվում ԲԿ-ների նկատմամբ և եթե հայտնաբերվում են շեղումներ, դրանք վերականգնվում են պետական բյուջե: Եվ որևէ նախարարի տեղակալ կամ այլ պաշտոնյա դրա պատճառով մեղադրյալ չի դարձել, քանի որ նման գործառույթ չի ունեցել: Նույն իրավիճակն է մեզ բոլորիս քաջ հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հայտնի գործով, երբ հարյուրավոր պացիենտների համար պետական բյուջեից գումարներ էին փոխանցվել ԲԿ-ին հաշվետվությունների հիման վրա, իսկ պացիենտները ընդհանրապես չէին էլ բուժվել ԲԿ-ում: Որևէ պաշտոնյա մեղադրյալ այդ գործով չկա, քանի որ համակարգը իր ստուգողական ֆունկցիաները իրականացնում է բացված ստուգումների հիման վրա, իսկ ֆինանսավորումը իրականացվում է` ստացված հաշվետվությունների հիման վրա: 6. Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից մեջբերեմ մեկ հատված․ «Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»։ Այսինքն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախարարության բոլոր պաշտոնյանները պետք է տարբերակեն «կեղծված» փաստաթղթերը։ Ընդ որում, հայտարարության մեջ անգամ խոսք չի գնում ակնհայտ կեղծիքի մասին, ինչպես սովորաբար ընդունված է որակել որևէ պատասխանատվություն առաջադրելուց առաջ։ Կեղծ փաստաթղթեր ու կեղծ հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը բացմաթիվ են պետություն և մասնավոր իրավահարաբերություններում, սակայն որևէ պաշտոնյա չի ձերբակալվում, եթե ապացուցված չէ այդ կեղծիքը կատարելու մեջ նրա մեղավորությունը, քանի որ բնական է, որ պաշտոնատար անձը չի կարող ապրիորի տարբերակել կեղծ և ոչ կեղծ հաշվետվությունը, քանի դեռ դրա վերաբերյալ հատուկ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ խոսքը չի գնում ակնհայտ կեղծիքի մասին։ Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձևակերպումը «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության, ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում: 7. Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը: Այդ խմբերը ստեղծվել են իմ հրամանով, երբ վարակված անձանց շատ մեծ թվի պատճառով ԲԿ-ներում այլևս տեղ չկար նոր պացիենտներին հոսպիտալացնելու համար, և խմբերը պետք է, ըստ գրաֆիկի, այցելեին բոլոր ԲԿ-ներ (հաշվի առնելով, որ 30-ից ավելի ԲԿ կար, այդ այցելությունները լինելու էին 2-3 շաբաթը մեկ անգամ), և ԲԿ անձնակազմի հետ հիվանդության պատմությունները և հենց պացիենտներին զննելով, իրականացնեին պացիենտների դուրսգրում, որպեսզի ազատվեին տեղեր նոր պացիենտների համար: Այս խմբերը որևէ ֆինանսական կամ ֆինանսական վերահսկողության գործառույթ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ, և մարդկանց մեղադրել մի բանի համար, որի համար իրենք պատասխանատու չեն եղել և չէին էլ կարող լինել, առնվազն զավեշտալի է, եթե ոչ քրեաիրավական առումով տարօրինակ: Պարզ լեզվով ասած, այդ խմբերը մահճակալ ազատելու համար են ստեղծվել և իրենց գործառույթը պատշաճ իրականացրել են: 8. Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը, մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել: 9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա՛մ ֆիկտիվ է, կա՛մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից: Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է, և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան: Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա, և եթե կան մեղավորներ, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան: Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով: Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ»:
14:26 - 11 մարտի, 2023
«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է, Թոքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ է
 |news.am|

«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենը կալանավորվել է, Թոքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչը տնային կալանքի տակ է |news.am|

news.am: «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։ Միևնույն ժամանակ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
11:29 - 11 մարտի, 2023
Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։ Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները: Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը  2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գ. Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:13 - 10 մարտի, 2023