ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը  հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին: Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ: Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»:
13:05 - 27 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ի նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները: «Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվանարկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով: «Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան միտված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա` ավելացնելով, որ ակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության  հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք: Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարը ուսանողական միջազգային օլիմպիադաներում:  
18:37 - 26 մարտի, 2021
Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Հանրային քննարկման դրված երկրորդ նախագծով առաջարկվում է սահմանել պետական և համայնքային  նախադպրոցական  հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության, խմբերի դասակարգման չափանիշները։ Առաջարկվում է հաստատել  հաստիքացուցակի ձևավորման գործակիցներ` հաշվի առնելով խմբերի քանակը: Անհավասար մոտեցումը փոխարինել միասնական մեթոդաբանությամբ Նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորումը կարգավորող  միասնական իրավական ակտեր մինչ այժմ չեն գործել, որի հետևանքով ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելու համար ստացել են հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող ֆինանսավորում: Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ` ոլորտի ֆինանսավորումն առավելապես կախված է եղել համայնքների սահմանափակ ֆինանսական հնարավորությունից և որոշակի վերաբերմունքից: Ըստ կատարված ուսումնասիրության` ֆինանսավորման համար ներկայումս  մի դեպքում  ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, որի հետևանքով  ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են:  Առաջարկվող նոր իրավական կարգավորումները նպատակ ունեն կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն, որն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հետագայում կարող է ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։ Մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման բանաձև Առաջարկվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի համար տրվող ֆինանսավորման գումարը (սաների միջին տարեկան քանակը հաշվարկվում է  հունվարի 1-ի դրությամբ սաների քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի)։ Ընդ որում,  որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված  միջին մեծությունները։ Հաստատության աշխատավարձի և պահպանման ֆինանսավորում Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1,3 գործակիցներ: Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է  93.300 ՀՀ դրամ: 5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1,15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1,3 գործակիցները: 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։  Բարձրլեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար: Հաստատության պահպանման տարեկան ծախսերի մեջ ներառվում են  էլեկտրոմատակարարման, գազի, ջեռուցման, աղբահանության, կապի, տնտեսական և ուսումնական, ինչպես նաև սննդի և այլ ծախսեր, որոնց հաշվարկման համար սահմանվում են որոշակի բանաձևեր և չափեր: Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ Ըստ տվյալ ուսումնական հաստատություն հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիքով սաների թվի` առաջարկվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` հաստատության տարեկան ֆինանսավորման 1-4 տոկոսի չափով:  Նոր կարգի ներդրման ժամանակացույց Հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսավորման նոր կարգի ներդրման հետևյալ ժամանակացույցը` ըստ առաջնահերթության հետևյալ խմբերի համար. 2022 թվականի սեպտեմբերի1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար, 2023 թվականիսեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, 2024 թվականիսեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցողների համար, 2025 թվականիսեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։ Նախագծով վերոնշյալ խմբերին ըստ ժամանակացույցի պետական բյուջեի միջոցներից կտրվի ֆինանսավորում` նոր կարգի պահանջներին համապատասխան: Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական հաստատություններում երեխաների թվի ընդգրկվածությունը մեծացնելու ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությամբ: Ներկայացված նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներն ու անհատները իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը: Նպատակը` 70 տոկոս ընդգրկվածություն Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝  բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության` 2018 թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Որպես հիմնական պատճառներ նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում` 39.5%, մանկապարտեզ չկա` 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։ 2019 թվականի համեմատ  2020 թվականին նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունն ավելացել է 6 %-ով։
17:29 - 26 մարտի, 2021
Վահրամ Դումանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացումը

Վահրամ Դումանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային: «Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ:  Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ: «Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խորը կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»: ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:   Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
13:20 - 26 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված: «Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023 թվականի համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայում քայլեր ենք ձեռնարկում այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել և հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել և պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաև նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է: «Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ՝ շատ կարևոր է նաև, թե ինչ բովանդակության կրթություն և ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարևոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, որոնք, ըստ փոխնախարարի, նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաև տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես, հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ: «Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, և դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրև հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջև ապահովել հարթ անցում: Հետևաբար, չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից: Առաջինը մեթոդաբանականն է, այն է՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցման տրամաբանությունը, և երկրորդը՝ թե ինչպես ենք նախադպրոցական կրթության ավարտին ապահովելու այն վերջնարդյունքները, որոնցով սկսվում է տարրական դպրոցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարևորելով ամբողջական տրամաբանության և մոտեցման ապահովումը: Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում՝ առաջին հերթին նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և ներդրման ուղղությամբ: «Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարևոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ և ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը և հույս հայտնել, որ քննարկման ընթացքում հնչած դիտարկումները և առաջարկությունները կօգնեն էլ ավելի բարելավել նախագիծը և որպես արդյունք՝ ունենալ մասնակցային գործընթացով անցած փաստաթուղթ: Փոխնախարարի ելույթից հետո ներկաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Ծավալվել է բուռն քննարկում, որի ընթացքում չափորոշիչը մշակած աշխատանքային խումբը հանգամանալից պատասխանել է ներկաների բոլոր հարցերին:
10:21 - 26 մարտի, 2021
Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված  ըմբշամարտի,  ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Ընդհանուր առմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին  1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020 թվականին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ:
16:37 - 25 մարտի, 2021
Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և մի շարք այլ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է հարցերը դնել իրավական հիմքի վրա, ապա կատարել համապատասխան կարգավորումներ՝ ի նպաստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների: Անդրադառնալով մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է մեծածավալ ուսումնասիրություն կատարել հանրապետությունում գործող մարզադպրոցներում և համապատասխան կազմակերպություններում՝ առկա իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար. «Առաջիկայում կլինեն շրջայցեր նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներ և մարզական հասարակական կազմակերպություններ: Միայն իրավիճակի խորքային ուսումնասիրության դեպքում հնարավոր կլինի հանդես գալ համապատասխան առաջարկություններով և կարգավորումներով: Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. դրա համար անհրաժեշտ են փոխադարձ ըմբռնում և համատեղ աշխատանք: Եթե յուրաքանչյուրն իր գործառույթները և լիազորությունները հստակ գիտակցի ու աշխատի դրանց համապատասխան, ապա ոլորտում եղած խնդիրներն արագ կլուծվեն, և առաջ կգնանք զարգացման ճանապարհով»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ չափազանց կարևոր են մարզիչների պարբերական վերապատրաստումները. «Ոչ ոք ամենագետ չէ: Սպորտն արագ տեմպերով է զարգանում, մարզումային մեթոդները և մոտեցումները պարբերաբար պետք է վերանայվեն և լինեն ժամանակին համահունչ: Ուստի կոչ եմ անում հարցին լրջությամբ վերաբերվել, ակտիվ և բարեխղճորեն մասնակցել վերապատրաստման միջոցառումներին, ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը»: Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց օպերատիվ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
12:47 - 25 մարտի, 2021
Տնօրենի հավաստագիր է ստացել քննություններին մասնակցածների 74%–ը․ ԿԳՄՍՆ

Տնօրենի հավաստագիր է ստացել քննություններին մասնակցածների 74%–ը․ ԿԳՄՍՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Դրանք անցկացվել են՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:Ըստ այդմ՝ հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 470-ը: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ: 130 (26%) հավակնորդի (այդ թվում՝ քննությունից բացակայած 26 հոգու (5%)) հավաստագիր չի շնորհվել: Այդպիսի հավակնորդներից 45-ը գործող տնօրեններ են (7 բացակա), 5-ը՝ տնօրենի պաշտոնակատարներ, 61-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ (19 բացակա): Քննություններին մասնակցել է 366 (73%) կին հավակնորդ, որոնցից 272-ը (75%) ստացել է հավաստագիր, 134 (27%)՝ տղամարդ հավակնորդ, որոնցից հավաստագիր է շնորհվել 98-ին (73%): Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցել է առավելագույնը 15-16 հավակնորդ: Նշենք, որ վերապատրաստումներն իրականացրել են 13 կազմակերպություններ՝ «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» ՀԿ, «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ, «Կրթություն և գործունեություն» հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, «Տաթև» գիտակրթական համալիր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, «Եվրոպական համալսարան» հիմնադրամ, Գորիսի պետական համալսարան, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան:
16:45 - 24 մարտի, 2021
Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. քննարկման է դրվել նոր նախագիծ

Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. քննարկման է դրվել նոր նախագիծ

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում են որոշակի պահումներով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հաշվի առնելով այս իրողությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է որոշման մեջ կատարել լրացում: Ըստ այդմ՝ նախարարությունը մշակել և e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերոհիշյալ որոշման հավելվածի 3-րդ մասի 3-րդ կետը լրացնել 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Հաստատման դեպքում որոշումը տարածվելու է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Անվանական թոշակի տրամադրումը բարձր արդյունքների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին խրախուսելու և նոր նվաճումների խթան է: Նախագծի ընդունմամբ կլուծվի որոշմամբ նախատեսված թոշակի չափն անփոփոխ թողնելու հարցը. այդպիսով՝ հատկացվող գումարը չի նվազի: Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով: Հավելենք, որ հանրային քննարկումը նախատեսված է մինչև ապրիլի 9-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողությունները:
14:26 - 24 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2: Հիշեցնենք, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով: Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները բուհը պետք է սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել: Առաջարկվում է ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ նախագիծը ներկայացնելիս տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
10:38 - 24 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել հպարտություն պարգևելու և ոգևորվելու համար: «Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով, որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի վերջին հաջողությունները ոչ թե պատահականությունների շարքից են, այլ նպատակաուղղված աշխատանքի արդյունք. «Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք: Ուրախալի է, որ ձեր հաղթանակները ոչ թե մեկանգամյա պատահականություն են, այլ հետևողական աշխատանքի արդյունք, ինչի համար շնորհակալ եմ հավաքականի մարզչական անձնակազմին: Միաժամանակ խնդրում եմ չկտրվել իրականությունից և կենտրոնանալ Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու ուղղությամբ, իսկ նախարարությունը կլուծի այդ ճանապարհին առաջացած բոլոր խնդիրները»: Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ ջանք չեն խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի: Նշվել է, որ Ռուսաստանի ընտրանու հետ արդեն իսկ կա համատեղ հավաք անցկացնելու նախնական պայմանավորվածություն: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ ընդգծել է, որ իր գլխավորած ընտրանին շարունակելու է հետևողական աշխատանքը և ջանք չի խնայելու մեր եռագույնը միջազգային հարթակներում բարձրացնելու համար. «Անցյալ տարին բոլոր առումներով շատ բարդ էր, բայց Արսենը և Վազգենն ապացուցեցին, որ իսկապես հաղթելու և դրանով մեր ազգին ուրախացնելու մեծ ձգտում ունեն: Վստահեցնում ենք, որ այս աշխատանքային ուղուց չենք շեղվելու»:
17:51 - 23 մարտի, 2021
Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես, ԲՈՒՀ-ի ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է ևս մեկ դրույթ: Օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ: «Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվեց էական փոփոխութուն, ընտրանքային տարբերակը փոխարինվեց զուտ ընտրություններով: Այժմ կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Դումանյանը: Մեկ դրույթ ավելացվել է ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Եթե նախկինում օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, այժմ ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը»,- նշեց նախարարը:  Ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված դրույթը ևս փոխվել է: Եթե նախկին տարբերակում ամբիոնի վարիչը համարվում էր վարչական պաշտոն, ապա նոր տարբերակով այն համարվում է ակադեմիական պաշտոն՝ ինչպես եղել է նախկինում: Ակադեմիական խորհուրդներում, նախկին տարբերակով, պետք է լիներ 25 տոկոս ուսանող, այժմ սահմանվել է՝ մինչև 25 տոկոս ուսանող: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ: Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունել են և ԲՀԿ-ի իրենց գործընկերների առաջարկը և ԼՀԿ-ի առաջարկներից և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը:
15:20 - 23 մարտի, 2021
Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին
 |armtimes.com|

Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լինելով Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ընկերը, ինչպես է նախարարը  գնահատում Լեւոն Տեր- Պետրոսյանի  վերջին հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանին ուղղված որակումներին եւ նրանց միջեւ սկսված հեռակա բանավեճին, նախարարը պատասխանել է, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես նման թեմայի շուրջ քննարկում ծավալել՝ ընդգծելով հետեւյալը. «Ընդհանրապես արժեքը գաղափարն է. եթե գաղափարը ընդունելի է, բնականաբար արժեւորվում  է նաեւ գաղափարի հեղինակը: Սա, սակայն, բացարձակապես չի նշանակում, որ եթե օրինակ, ես, ինչ-որ գաղափար ասել եմ, եւ դուք ընդունել եք իմ գաղափարը, այսուհետ ինչ ասեմ, դուք ինձ հետ լինելու եք համամիտ: Ես չեմ ցանկանում ավելի բան մեկնաբանել, խնդրում եմ ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը կմեկնաբանի իր խոսքերը»: Հակադարձ հարցին՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցերը մի՞թե պրոֆեսիոնալ չեն, նախարարը արձագանքել է, որ ԿԳՄՍ  նախարարությանն առնչվելու տեսակետից՝ իհարկե ոչ: Պատասխանելով դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ ընտրությունների ժամանակ դպրոցների, բուհերի աշխատակիցներին կհամոզեն կամ կստիպեն, որ իշխող թիմին ընտրեն՝ իշխանության կողմից  վարչական լծակներ կիրառելով, նախարար Դումանյանը նշել է հետեւյալը. «Դպրոցների հետ կապված հստակ որտե՞ղ եք դուք նման բան լսել եւ ումի՞ց: Եվ ես չեմ պատրաստվում պատահական վայրերում եւ պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ եւ մամուլի խոսնակի դեր կատարել: Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, հարցրեք եւ ձեզ հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան եւ վերջ»:   Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դպրոցականների մասնակցությանը եւ ներկայությանը, նախարարը նշել է, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի երեխաների այնտեղ գտնվելու հետ: «Բացարձակ սուտ է, որ ասում են, թե իբր մենք զանգահարել ենք դպրոցների տնօրեններին եւ այլն. դրանք բոլորը բացարձակ սուտ են, եւ ես չեմ պատրաստվում այդ սուտը մեկնաբանել: Պետք չի մեր վզին փաթաթել այդ օրակարգը՝ երեխաներին ներգրավենք-չներգրավենք, նման օրակարգ գոյություն չունի. մարդիկ ազատ են, որեւիցե մեկը չի բռնացել եւ չի բռնանալու կամքի եւ գտնվելու ընտրության վրա: Երեխաները այնտեղ ինքնաբուխ էին գնացել. գուցե ցանկություն ունեին գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու. կարծում եմ՝ իրենց տարիքում դուք էլ լինեիք, դուք էլ կցանկանայիք գնալ»,- ասել է նախարարը: 
19:15 - 22 մարտի, 2021
Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|

Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|

tert.am: Բուհերի հավատարմագրման գործընթացը համաձայնեցվել է և մանրամասն նկարագրված են մեխանիզմները և ժամկետները: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:«Հավատարմագրման հետ կապված դրույթներում, համաձայնեցվել են բոլոր անցումային ժամկետները և մեխանիզմները և նրանք մանրակրկիտ նկարագրված են, բուհերի հավատարմագրման հետ կապված»,- ասաց Վահրամ Դումանյանը:Նա նաև ներկայացրեց հավատարմագրման վերջնաժամկետը և ընդգծեց՝ ժամկետի ավարտից հետո բուհերը այլևս չեն կարողանա ընդունելություն կազմակերպել: «Բոլոր այն բուհերը, որոնք չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում նրանք պետք է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը անցնեն հավատարմագրում, չանցնելու պարագայում նրանք չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց»,- նշեց նա:
17:44 - 22 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան:  Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն: «Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը: Նախարարը դպրոցները փակելը, ընդհանրապես գործողությունները սահմանափակելը լավագույն լուծում չի համարում: «Բայց եթե լինենք պարտադրված, ստիպված պետք է անենք: Այսօր այդ խնդիրը չկա»,-նշեց նա: Նախարարը նկատեց, որ պետք է կոչ անել մաքսիմալ հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:
15:19 - 22 մարտի, 2021
Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Այս օրենքի նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում, մենք կրթական համակարգը դարձնում ենք ավելի ճկուն: Այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհանիսյանը՝ նիստի ժամանակ: «Նախագիծը օրենքի նոր համակարգի սկիզբ է դնում, իսկ նոր համակարգը սկիզբ է դնում նոր, տարբեր սկզբունքներ և մոտեցումներ, որոնք մեզ համար գուցե անծանոթ են, մասնավորապես, այն, որ գումարը տրվում է ոչ թե բուհին, այլ ուսանողին, կրեդիտային համակարգը, փոխանցելիությունը, հեռակա և առկա ուսուցումը, սա ավելի ճկուն համակարգ է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ «ուսանողական խորհուրդ» հասկացությունը հանվում է օրենքից և այս դրույթով վերջ է դրվում կուսակցականացված համակարգին: «Ուսանողական խորհուրդ հասկացությունը հանվել է օրենքից և տրվել է ուսանողական միավորումներ, և նոր դրույթներ են ավելացել՝ բազմակարծության, բազմազանության և տարբեր տեսակի ուսանողական մարմիններ կարող են ստեղծվել և գործել: Մենք փորձում ենք ազատվել այն միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որ հիմնականում կուսակցականացվել էր տարիներ շարունակ»,- ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն այս դրույթի շրջանակում հարցրեց՝ արդյո՞ք կարող են անսահմանափակ թվով ուսանողական միավորումներ ստեղծվել, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց՝ տվյալ կարգավորումները պետք է անի բուհը:
14:39 - 22 մարտի, 2021