Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար․ Նիկոլ Փաշինյան

2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա հայտնեց, թե ինչու է իշխանության գալուց հետո ասել, որ ԼՂ հարցի բանակցությունները սկսում է իր սեփական կետից․ «2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար։ Առաջին տարբերակ՝ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։ Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։  Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»,- ասաց Փաշինյանը։
13:01 - 20 հունիսի, 2023
Ըստ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքներով դրվեց վերջին քարը ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին

Ըստ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքներով դրվեց վերջին քարը ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա, խոսելով վերջին տասնամյակների ընթացքում բանակցային սեղանին եղած փաստաթղթերի մասին, Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի վերաբերյալ ասաց․ «Քի-Վեսթից հետո խմորվեցին-խմորվեցին եւ 2007թ․-ին պաշտոնապես սեղանին դրվեցին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք ասում էին, որ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։ Այս ձեւակերպմամբ վերջին քարը դրվեց ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին։ Որովհետեւ այս պահին, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբուքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991թ․ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով եւ քաղաքականապես զրոյացվեցին այն պարզ պատճառով, որ եթե կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել։ Այսինքն՝ հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որը ԼՂ կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը՝ որպես բանակցային գործոն, ահա այդ պահից զրոյացվել է։ Այստեղ ծագում է մի չափազանց հետաքրքիր հարց․ եթե 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները զրոյացվում են, նշանակո՞ւմ է արդյոք, որ ուժի մեջ է մնում 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Ողբերգությունն այն է, որ Մադրիդյան սկզբունքները զրոյացնում են նույնիսկ այդ որոշման իրավական նշանակությունը, որովհետեւ եթե ԼՂ իրավական կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, նշանակում է, որ նույնիսկ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի՝ անցյալում կայացված համատեղ որոշմամբ այդ կարգավիճակը չի որոշվել։ Իսկ եթե 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ էլ ԼՂ դե-յուրե կարգավիճակը չի որոշվել, նշանակում է ուժի մեջ է այն դե-յուրե կարգավիճակը, որը ԼՂ-ն ունեցել է 1989թ․ նոյեմբերի 30-ին, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է՝ ըստ այդ ձեւակերպումների։ Ամենահետաքրքիրն այն է, որ Մադրիդյան սկզբունքների այդ ձեւակերպման հեղինակը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, եւ նա հրապարակային իրեն համարում է Մադրիդյան սկզբունքների այդ ձեւակերպման հայրը, եւ ուրեմն նա իրեն պետք է համարի նաեւ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դե-յուրե բոլոր հիմքերը ջախջախելու փաստարկների հայրը։  Ընդ որում՝ ՀՀ իշխանությունները հասկանում էին առաջարկվող ձեւակերպումների պրոբլեմատիկան, սա հասկանում էր նաեւ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուն պատրաստվող Սերժ Սարգսյանը, որը, որպես պաշտպանության նախարար, 2005-ի հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած հրապարակային քննարկման ժամանակ հայտարարել է, մեջբերում եմ․ «Փոխզիջում է նաեւ այն, որ Հայաստանը հիմա հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե, այսինքն՝ երկրորդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն»,- մեջբերման ավարտ։ Ստեղ ձեւակերպումների մեջ ուշադրություն դարձրեք, որ Հայաստանն է համաձայն, որ ԼՂ տարածքում․․․ Այսինքն՝ ԼՂ-ն համաձայն ա, համաձայն չի՝ մենք չգիտեն, բայց արդեն Հայաստանն ա ամեն ինչ որոշում, ԼՂ կարծիքը հարցնող չկա էլ։ Իսկ ինչո՞ւ էին նման որոշումներ կայացնում ՀՀ այն ժամանակվա իշխանությունները կամ ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Նախ, վերջինս, ինչպես ասացի, պատրաստվում էր ստանձնել Հայաստանի նախագահի պաշտոնը, եւ միջազգայնորեն կառուցողական դիրքորոշում ունեցողի իմիջի կարիք ուներ, նախագահի պաշտոնում իր հայտնվելու՝ մեծ հավանականությամբ կասկածելի ճանապարհների եւ լեգիտիմության նկատմամբ միջազգային ըմբռնման կարիք։ Եւ այդ ֆոնին հենց Սերժ Սարգսյանն ու իր թիմն էին, որ առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս՝ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը»։ Նրանք այդպես էլ չհասկացան, իսկ եթե հասկացան, ավելի վատ, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին, եւ մենք հետագայում կտեսնենք, թե ինչպես հիմնարար մակարդակում իր խնդիրները լուծելով (նկատի ունեմ 1989-91թթ․ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հայկական որոշումները զրոյացնելը) Ադրբեջանը պարզապես որդեգրեց «Այն, ինչ ես ուզում եմ, տվեք խաղաղ ճանապարհով, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով» սկզբունքը։ Այսինքն՝ «Վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը» կարգախոսով նախ Ադրբեջանին պատերազմի պատրաստվելու ժամանակ էին տալիս, եւ հետո կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի Հայաստանը եւ Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում․․․»։
12:43 - 20 հունիսի, 2023
Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում. վարչապետ
 |1lurer.am|

Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջաբրայիլի մատույցներ: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինեինք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք էին լինելու, կամ էլ պիտի գնայինք ցավոտ զիջումների: Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին իմ Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին: Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա, մյուս կողմից էլ վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին էր: «Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհելու Ստեփանակերտը, և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհելու 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները ՊԲ-ի, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ վարչապետը նշեց, որ հասկանալով՝ Շուշիի անկյունաքարային նշանակությունն է՛լ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ են եղել: «Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է: Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը: Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ ԳՇ-ը չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ 1 տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ. այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, և այդպես շարունակ, ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի շուրջ իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք. այսինքն՝ պահեք Շուշին. Շուշին պահել, հետ վերցնել: Ի ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք: Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգամանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 
12:40 - 20 հունիսի, 2023
«Ինչ չեն ասել հանրությանը եւ ինչու». Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնելու փաստաթղթերն է վկայակոչում |aravot.am|

«Ինչ չեն ասել հանրությանը եւ ինչու». Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ մտցնելու փաստաթղթերն է վկայակոչում |aravot.am|

aravot.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Ինչպես նախապես հայտարարվել էր, Փաշինյանը ցանկացել է, որ իր բացման խոսքը, ելույթը, ինչպես նաեւ հարցուպատասխանը լինի հրապարակային: Նա ներկայացրեց պատերազմը դադարեցնելու ձախողված փորձերը, հետո անդրադարձավ բանակցային պատմությանը: Խոսելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի մասին՝ ասաց, որ նա խոսում է փոխզիջումների մասին, որ ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք. «Տեր-Պետրոսյանը հստակ պատասխան չի տալիս մի հարցի՝ ի վերջո ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն, լինելու է Ադրբեջանի՞, թե Հայաստանի կազմում: Տեր-Պետրոսյանի հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական կյանքում: Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով. հոդվածի հրապարակումից մեկ տարի առաջ նա նախագահական ընտրություններին մասնակցել էր «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության, ոչ հաղթանակի մասին: Հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել ՀՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: 1990-ի օգոստոսի 23-ին ՀՀ ԳԽ-ն, հիմնվելով 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին այդ որոշման վրա՝ անկախության գործընթաց էր հռչակել: Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս, 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախացման գործընթացը դե յուրե ավարտին էր հասցվել: 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը, 91-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը: Բայց կարեւոր էր այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է՝ «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 96-ի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով անկախություն բերած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ՝ անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի՝ ինձ վերագրումը, ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը, միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի: Անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը դա կլիներ, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե որ փոքրոգի դասալքություն, որին սովոր չեմ»: Դրանից հետո հրաժարական է տալիս, որից հետո գրում է, որ ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի»: Ապա Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը, ինչպես նաև Ալմաթիի հռչակագրին։
12:33 - 20 հունիսի, 2023
Փաշինյանը՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալով պատերազմը դադարեցնելու մասին
 |1lurer.am|

Փաշինյանը՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալով պատերազմը դադարեցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագն այն է, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում դադարեցնելու պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Այդ մասին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման, նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ: Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում: Ինձ մեղադրում էին նրա մեջ, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնային Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական»,- ասաց վարչապետը: Թեև Փաշինյանն այդ ձևակերպումը խնդրահարույց է համարել, բայց երբ Շուշիի հարցը բարձրացել է, փորձել է պարզել, թե, ըստ առաջարկվող տարբերակի, ինչպիսի տեսք պետք է ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: «Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ՝ ադրբեջանցի փասխստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահն առաջարկել է, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ: «Այսինքն՝ ԼՂ ինքնավար մարզ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այս ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել: Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի: Ասենք, օրինակ, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել. ընդհուպ կարող են գնալ և մնալ, բայց ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, որ Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան: Այսինքն՝ Ադրբեջանի այդ պահի առաջարկով Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ այնտեղ կարող է լինեին ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը, առանց չափազանցության, Շուշին Ադբեջանին հանձնելու մասին էր: Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետևյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու. իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ: Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումն ապացուցեցին բոլորին հայտնի հանգամանքներով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
11:45 - 20 հունիսի, 2023
«Ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում»․ Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը

«Ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում»․ Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը

1996թ․ դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ համար բարձր ինքնավարություն նախատեսում։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ բանակցային գործընթացի մասին։ «Միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այդ արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթնաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթնաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը՝ որպես հավելված, 1996թ․ դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերի հետ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձևը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի կիրառած վետոյի պատճառով։ Հայաստանը ԵԱՀԿ անդամ միակ երկիրն է եղել, որ դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին։ «Եվ ահա, բանաձին Հայաստանի չմիանալուց, չհամաձայնելուց հետո ԵԱՀԿ մնացած բոլոր երկրները անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահողին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, վերջինս էլ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով այն փաստը, որ ԵԱՀԿ անդամ երկրների ցանկում էին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների 4-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, համանախագահ հանդիսացող բոլոր երկրները։  Նիկոլ Փաշինյանի խոսքով ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ դեկտեմբերի վերոնշյալ հայտարարությունը, որը, ըստ նրա, արտահայտում էր ողջ միջազգային հանրության տեսակեը, քննարկվող նյութի համատեքստում արժանի է ավելի մեծ ուշադրության․ «Խնդիրն այն է, որ այդ հայտարարությունը պաշտպանում էր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ըստ էության՝ ասում է՝ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ 1996թ․ դեկտեմբերին արված հայտարարության այս նրբությունը, կարծում եմ, նորություն է ՀՀ հանրության համար»։ Փաշինյանի խոսքով՝ 1996թ․ այս հայտարարությունը արտահայտում է միջազգային հանրության տեսակետը, սակայն  մինչ օրս հանրությանը դրա մասին տեղյակ չեն պահել։
11:39 - 20 հունիսի, 2023
Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

Պուտինին ուղիղ հարցրի՝ ինչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի, ասաց՝ 5 շրջանները պետք է տալ․ Փաշինյան |news.am|

news.am: Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը. էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է՝ մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար: Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման․ այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ: Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի․ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության եւ մարդու առեւանգման համար իրենց պատիժը կրող Գուլիեւին եւ Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման ու պարտավորություն չպետք է լիներ: Ասացի՝ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների եւ հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխքի չկա, որ նահանջի դեպքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է: Այսինքն, ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից ադրբեջանցիների ջուր վերցնելուն, Ասկերովի եւ Գուլիեւի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու եւ Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադարի առաջարկը լիարժեք ընդունելի է: Մեր հաջորդ խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ կրկին հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաեւ պետք է փոխանակվեիրն գերիները եւ զոհվածների աճյունները: Ես համաձայնեցի այս առաջարկին: Մեր խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվեց հետեւյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է ԼՂ հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները հումանիտար նկատառումներով դադարեցնելու կոչով: ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպտակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա: Հոկտեմբերի 9-ին սկսվեց ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավատվեց լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետեւյալ հայտարարությամբ. «Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի, եւ համապատասխան ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի պայմանավորվածությունների, կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված հարցերի շուրջ. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից մարդասիրական նկատառումներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար ԿԽՄԿ-ի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ: Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»: Այս հայտարարութունն ըդնունելի էր մեզ համար եւ բնականաբար, հայտարարության ընդունումից հետո ՊՆ-ին եւ Գլխավոր շտաբին եղել է հրաման պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում այդ ռեժիմը, այլեւ ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն նախկին ԼՂԻՄ տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին՝ գրոհելով Հադրութի ուղղությամբ: Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում՝ համաձայն մոսկովյան փաստաթղթի հրադադար հաստատելու եւ այն պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին, դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետեւեն իրադրությանը եւ կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանն անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց եւ ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները:  Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետեւյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման եւ պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր: Մեր ներքին քննարկումների ժամանակ իմ եզրակացությունը եղել է հետեւյալը. մինչեւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնելու հրադադարին: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր եւ հասկանում էի, որ եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունը այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետեւ հրադադարի մոսկովյան բավականին հավասարակշռված հայտարարությունից հետո անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում: Առաջին անգամ հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետեւյալ ուղիղ եւ երկիմաստություններից զերծ հարցին՝ ինչ պետք է անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին եւ ՌԴ նախագահը կարծիք հայտեց, որ կարելի է փրոձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որեւէ հստակեցման: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերը աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»:
11:22 - 20 հունիսի, 2023
Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել

Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել

Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն։ Նա նշեց, որ շատ արագ պարզ է դարձել, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը։  «Քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում ՀՀ տարածքում միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև, ըստ Փաշինյանի, պարզվել է՝ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ․ «Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց՝ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում, այսինքն՝ օրվա ընթացքում ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, տարբեր քննարկումներ, համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է՝ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Նշանակում էր՝ առավոտյան իմ ստորագրած տեքստ այյլևս ուշի մեջ չէ»։ ՀՀ վարչապետի խոսքով այն պահին, որ ՌԴ նախագահն ասել է՝ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքը հայտարարել է, որ բացառվում է՝ այդպիսի փաստաթուղթ ստորագրի, պաշտոնապես արձանագրվել է, որ փաստաթուղթ չենք ստորագրում։ «Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի էր բոլորին, որն իհարկե ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվեց փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։
11:01 - 20 հունիսի, 2023
Ըստ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբը պատերազմի ժամանակ չէր հաստատում Արցախի նախագահի տված տեղեկությունները

Ըստ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբը պատերազմի ժամանակ չէր հաստատում Արցախի նախագահի տված տեղեկությունները

Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրեց Շուշիի անկման պատմությունը իր ընկալմամբ։ Նրա խոսքով երբ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։  «Ի վերջո՝ հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտը արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ ըստ էության փակել ճանապարհը։  Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության՝ այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ և այդպես շարունակ․ «Ի վերջո՝ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, հետ վերցնել։ Ի վերջո՝ ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին՝ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը պաշպանության բանակի վերահսկողության տակ է։ Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»։ Փաշինյանն ասաց, որ Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռևս սպասում են ու պետք է արժանանան մանրամասն պարզաբանման։
10:47 - 20 հունիսի, 2023
Մեկնարկել է քննիչ հանձնաժողովի նիստը, ըստ ԱԺ նախագահի՝ վարչապետը «սենսացիոն» հայտարարություններ է անելու |azatutyun.am|

Մեկնարկել է քննիչ հանձնաժողովի նիստը, ըստ ԱԺ նախագահի՝ վարչապետը «սենսացիոն» հայտարարություններ է անելու |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն ընթանում է ուղիղ եթերում, լրագրողներին նիստերի դահլիճ մտնել չի թույլատրվել։ Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես«Սա իմ ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգարման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով», - ասաց Փաշինյանը։ Ըստ ընթացակարգի՝ այսօր Փաշինյանը ելույթ կունենա, իսկ առաջիկա նիստին արդեն պատգամավորները վարչապետին հարցեր տալու հնարավորություն կունենան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետը սենսացիոն հայտարարություններ է անելու։  
10:43 - 20 հունիսի, 2023
Քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ․ հայտարարություն

Քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում են ստորև․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք. 1. Քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։ 2. Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում եւ ձեւավորվել են կամ ընդդիմության, կամ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները։ 3. Համապարփակ, ամբողջական եւ հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ եւ համաչափությամբ հանձնաժողով ձեւավորելու համար ընդդիմությունը հադես էր եկել նոր որակի եւ կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձեւավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվեց իշխանությունների կողմից։ 4. Նախապես հայտարարված Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը, որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում, անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը։ 5. Փաշինյանի հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնությունը, շտապողականությունը պայմանավորված է քաղաքական շահարկումների նպատակով ձեւավորված եւ ժամկետները երկարաձգած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտով եւ ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին։ 6. Մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։ Հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ։ Առ այդ, այս եւ նախկինում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաեւ նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության եւ անձամբ Փաշինյանի կողմից հետեւողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»։
15:53 - 19 հունիսի, 2023
«Հին Թաղեր» տեղամասի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

«Հին Թաղեր» տեղամասի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ «2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին: Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին: Բացի այդ՝ վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի՝ նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի: Արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։ 2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ 2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:04 - 12 հունիսի, 2023
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց դատարանի դահլիճից ազատ արձակվեց
 |armeniasputnik.am|

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց դատարանի դահլիճից ազատ արձակվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան)՝ 191 հոդվածի հատկանիշներով (առևանգում): Դատարանը վճռեց՝ 4 տարի ժամկետով ազատազրկել Հակոբյանին, սակայն որոշեց պայմանականորեն չկիրառել այն և նշանակեց 1 տարի փորձաշրջան: Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։ Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։
15:48 - 09 հունիսի, 2023
«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»․ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից

«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»․ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթանում են Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատալսումները։ Նիստը դռնփակ էր։ Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է գործով ներգրավված փաստաբաններից։ «Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս, և մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ։ Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը։ Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»,- հավելեց նա։ Նա այլ մանրամասներ չներկայացրեց՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է եղել։ Պաշտպաններից Գեորգի Մելիքյանը ասաց, որ պատճառների մասին ճիշտ կլինի Գայանե Հակոբյանը հայտնի։ «Ընդամենը մի բան կասենք, որ կա հակասություն մեր և տիկին Գայանե դիրքորոշումների մեջ։ Պաշտպանության մարտավարության հետ կապված՝ նաև փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել ենք ծառայություններից։ Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»,- ասաց Մելիքյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ եթե այդպես է, ապա մնում է ենթադրել, որ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղադրանքը, Մելիքյանը արձագանքեց․ «Միգուցե Ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։
12:32 - 09 հունիսի, 2023
Գայանե Հակոբյանի առջև գլուխ եմ խոնարհում, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են. Աշոտ Փաշինյան
 |1lurer.am|

Գայանե Հակոբյանի առջև գլուխ եմ խոնարհում, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են. Աշոտ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Գայանե Հակոբյանի առջև գլուխ եմ խոնարհում, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա: Այդ մասին առևանգման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը: «Անկեղծ ասած՝ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, և փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ որևիցե տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ»,- ավելացրեց նա:  Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։  Մինչ այդ՝ մայիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով: Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել: Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:
11:30 - 09 հունիսի, 2023