aravot.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Ինչպես նախապես հայտարարվել էր, Փաշինյանը ցանկացել է, որ իր բացման խոսքը, ելույթը, ինչպես նաեւ հարցուպատասխանը լինի հրապարակային:
Նա ներկայացրեց պատերազմը դադարեցնելու ձախողված փորձերը, հետո անդրադարձավ բանակցային պատմությանը:
Խոսելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի մասին՝ ասաց, որ նա խոսում է փոխզիջումների մասին, որ ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք. «Տեր-Պետրոսյանը հստակ պատասխան չի տալիս մի հարցի՝ ի վերջո ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն, լինելու է Ադրբեջանի՞, թե Հայաստանի կազմում: Տեր-Պետրոսյանի հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական կյանքում: Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով. հոդվածի հրապարակումից մեկ տարի առաջ նա նախագահական ընտրություններին մասնակցել էր «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության, ոչ հաղթանակի մասին: Հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել ՀՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին: 1990-ի օգոստոսի 23-ին ՀՀ ԳԽ-ն, հիմնվելով 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին այդ որոշման վրա՝ անկախության գործընթաց էր հռչակել: Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս, 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախացման գործընթացը դե յուրե ավարտին էր հասցվել: 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը, 91-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը: Բայց կարեւոր էր այն, թե ինչ տեղի ունեցավ հետո:
«Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է՝ «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 96-ի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով անկախություն բերած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ՝ անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի՝ ինձ վերագրումը, ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը, միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի: Անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը դա կլիներ, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե որ փոքրոգի դասալքություն, որին սովոր չեմ»: Դրանից հետո հրաժարական է տալիս, որից հետո գրում է, որ ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի»:
Ապա Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը, ինչպես նաև Ալմաթիի հռչակագրին։
comment.count (0)