«Ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում»․ Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը
11:39 - 20 հունիսի, 2023

«Ինքնորոշման սկզբունքի կիրառման արդյունքում ԼՂ-ն կարող է բարձր ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում»․ Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ հայտարարությանը

1996թ․ դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ համար բարձր ինքնավարություն նախատեսում։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ բանակցային գործընթացի մասին։

«Միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այդ արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթնաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթնաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը՝ որպես հավելված, 1996թ․ դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերի հետ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձևը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի կիրառած վետոյի պատճառով։ Հայաստանը ԵԱՀԿ անդամ միակ երկիրն է եղել, որ դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին։

«Եվ ահա, բանաձին Հայաստանի չմիանալուց, չհամաձայնելուց հետո ԵԱՀԿ մնացած բոլոր երկրները անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահողին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, վերջինս էլ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով այն փաստը, որ ԵԱՀԿ անդամ երկրների ցանկում էին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների 4-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, համանախագահ հանդիսացող բոլոր երկրները։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով ԵԱՀԿ գործող նախագահի 1996թ․ դեկտեմբերի վերոնշյալ հայտարարությունը, որը, ըստ նրա, արտահայտում էր ողջ միջազգային հանրության տեսակեը, քննարկվող նյութի համատեքստում արժանի է ավելի մեծ ուշադրության․ «Խնդիրն այն է, որ այդ հայտարարությունը պաշտպանում էր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ըստ էության՝ ասում է՝ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ 1996թ․ դեկտեմբերին արված հայտարարության այս նրբությունը, կարծում եմ, նորություն է ՀՀ հանրության համար»։

Փաշինյանի խոսքով՝ 1996թ․ այս հայտարարությունը արտահայտում է միջազգային հանրության տեսակետը, սակայն  մինչ օրս հանրությանը դրա մասին տեղյակ չեն պահել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել