Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել
11:01 - 20 հունիսի, 2023

Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է մի տեքստ, որը Ադրբեջանը չի ստորագրել ու նոր պահանջներ է առաջ քաշել

Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն։ Նա նշեց, որ շատ արագ պարզ է դարձել, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը։ 

«Քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում ՀՀ տարածքում միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։

Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև, ըստ Փաշինյանի, պարզվել է՝ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ․ «Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց՝ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում, այսինքն՝ օրվա ընթացքում ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, տարբեր քննարկումներ, համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է՝ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Նշանակում էր՝ առավոտյան իմ ստորագրած տեքստ այյլևս ուշի մեջ չէ»։

ՀՀ վարչապետի խոսքով այն պահին, որ ՌԴ նախագահն ասել է՝ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ինքը հայտարարել է, որ բացառվում է՝ այդպիսի փաստաթուղթ ստորագրի, պաշտոնապես արձանագրվել է, որ փաստաթուղթ չենք ստորագրում։

«Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի էր բոլորին, որն իհարկե ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվեց փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել