aravot.am: Երեկ՝ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում վիրավորված 6 վիրավորները Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երեւան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։
«Բացի նրանից, եւս մեկ հոգու վիրահատել ենք։ 3 հոգու վիճակը համեմատաբար թեթեւ է, մեկը միջին ծանրության, մեկը ծանր, մյուսը՝ ծայրահեղ ծանր։ Այս պահին Գորիսի բժշկական կենտրոնում վիրավորներ չկան»,-ասաց Դավիթ Մաշուրյանը։
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն էլ տեղեկացրեց, որ ուսումնական պրոցեսն ընդհատվել է միայն Տեղ գյուղի երկու դպրոցներում։ «Ճիշտ է, բացակաների թիվը շատ չէ, բայց նման իրավիճակներում դպրոցն ունի իր պլանը եւ ղեկավարվում է դրանով։ Վաղվանից ուսումնական գործընթացը կսկսվի, իսկ համայնքի այլ բնակավայրերում գտնվող դպրոցները աշխատում են»,- նշեց Մերի Գանդալյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
comment.count (0)