Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|
08:26 - 13 ապրիլի, 2023

Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական վերջին բախման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: Իր պատասխան արձագանքում պետքարտուղարությունը գրել է.

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել