Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ
 |civilnet.am|
12:17 - 14 ապրիլի, 2023

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ |civilnet.am|

civilnet.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի դեպքերի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով` ապրիլի 13-ին Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Սահմանապահ զորքերի հրամանատարը բարոյական ու պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Ինչքանո՞վ է նրա պաշտոնից ազատումը կապված է Տեղ գյուղի դեպքերի հետ, կարող է և առնչություն ունենա։ Ես առաջարկում եմ պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի հետ, միգուցե նաև պաշտոնեական տեղաշարժներ են»,- ապրիլի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ Տեղի գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի վայրում եղել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. «Կորպուսի հրամանատարը տվյալ տարածքում էր, որպեսզի նման երևույթները առանց կրակոցի լուծվեն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել