Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում
 |armenpress.am|
14:44 - 14 ապրիլի, 2023

Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա:

Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել:

«Որևէ մեկի մոտ տպավորություն թող չստեղծվի, թե ես դեմ եմ ԵՄ դիտորդական առաքելությանը, բացարձակապես ոչ, ես կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է»,-ասաց Մամիջանյանը:

Սակայն նա ընդգծեց, որ նախորդ անգամ ԵՄ՝ 2-ամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ: «Դրանց արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում: Դրա արդյունքում քաղաքականության փոփոխություն մենք չենք տեսել»,-ասաց պատգամավորը:

Եվ հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ Մամիջանյանի առաջարկով ներառվել է հետևյալ կետը, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա:

«Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին: Եվրոպական Միության որոշում կայացնողները, քաղաքական պաշտոնյաներն առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ՝ ադրբեջանական կողմը, ինչպես նաև նախորդ 30 տարիների ընթացքում, հանդիսանում է ագրեսոր»,-նշեց Մամիջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել