armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։
ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։
comment.count (0)