Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան
09:48 - 24 ապրիլի, 2023

Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արևմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին:

Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր երկրի դեսպանից, որը բառացի ասում է՝ բնաջնջելով հայ ազգին և լուծելով «Հայկական հարցը»՝ թուրքական կառավարությունը մերժում է ընդունել Գերմանիայի ներկայացուցիչներին, ամերիկացիներին, Պապի պատվիրակությանը, մերժում է լսել աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արևմտյան հասարակության կարծիքը:

Դրանից շատ տարիներ անց առաջավոր աշխարհը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում, իսկ Ցեղասպանության զոհերը Պապի կողմից սրբադասվում են:

Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ:

Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու: Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին, ապրենք ու ապրեցնենք մեր երկիրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել