Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|
12:36 - 24 ապրիլի, 2023

Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|

armenpress.am: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ հորդորելով մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այն բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակների նկատմամբ»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին.

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել