«Սա ուղղորդված քաղաքական հետապնդում է»․ պաշտպանը պահանջում է արդարացնել Ռուբեն Վարդազարյանին
 |hetq.am|
10:13 - 26 ապրիլի, 2023

«Սա ուղղորդված քաղաքական հետապնդում է»․ պաշտպանը պահանջում է արդարացնել Ռուբեն Վարդազարյանին |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 25-ին շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան արդարացնելու վերաբերյալ։ Վերջինս միջնորդության ներկայացումը սկսել էր նախորդ նիստին։ 

Արամ Օրբելյանը փաստական հանգամանքներ ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանը իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2020թ․ նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, որով Վարդազարյանը կոչ էր արել դատավորներին առաջնորդվել օրենքով և Սահմանադրությամբ։ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- ասված էր Վարդազարյանի հայտարարության մեջ։

Օրբելյանը ընթերցեց Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությունից հատվածներ, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին է ներկայացնում իշխանության պահանջը՝ հրաժարական տալու մասին, հակառակ պարագայում սպառնում է վերջինիս նկատմամբ հետապնդումներ սկսել։ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է, որ մինչև մարտի 1-ը կարող է այնպես անել, որ քրգործ չհարուցվի, և եթե մինչև այդ Վարդազարյանը չներկայացնի հրաժարականը, ապա էլ ոչինչ չի կարողանա անել։

Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական իշխանության դիրքորոշումը ցայտուն է դառնում հատկապես 2021թ․ մարտի 2-ին և 3-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստերի ժամանակ, երբ Վարդազարյանը փորձում է խորհրդարանին ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին։ Նա ընթերցեց պատգամավորների հնչեցրած մի շարք հարցեր։ Օրբելյանի խոսքով՝ գրեթե բոլոր հարցերը եղել են օրակարգից դուրս և առնչվել են Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Վարդազարյանի հայտարարությունը ԱԺ-ում շարունակել են քննարկել նաև մարտի 4-ին, նաև ԱԺ-ից դուրս ճեպազրույցների, սոցիալական ցանցերի միջոցով են իշխանության ներկայացուցիչները անդրադարձել Վարդազարյանին և նրա հայտարարությանը։

Օրբելյանը նշեց, որ պատգամավորներից ոմանց հարցերը վերաբերել են այս քրեական գործին, որը այն ժամանակ հարուցված չի եղել, նույնիսկ հնչել են այնպիսի բառեր և բառակապակցություններ, որոնք այժմ համապատասխանում են այն մեղադրանքին, որն առաջադրված է Վարդազարյանին։ «Պատգամավորները իրավունք և հնարավորություն չունեին ի պաշտոնե որևէ կերպ իմանալ դրա մասին։ Սա ուղղորդված քաղաքական հետապնում է»,- ասաց Օրբելյանը։ 

Պաշտպանի խոսքով՝ հենց այս իրադարձություններից հետո է հարուցվում այս քրեական գործը, և Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում։ Այնուհետև Գլխավոր դատախազը դիմում է ԲԴԽ-ին, և կասեցվում են Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը իր նկատմամբ քրեական հետապնում իրականացնելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները Վերաքննիչ բողոք է ներկայացնում։ Օրբելյանի խոսքով՝ բողոքը տանելուց մեկ օր առաջ այլ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից դատարանից առգրավվում են համակարգիչները, որոնցով իրականացվում էին գործերի ավտոմատ բաշխումները և մակագրումները։ Եվ այդ պայմաններում գործերի բաշխումն իրականացնում է դատարանի նախագահը՝ Վարդազարյանի գործը մակագրելով արձակուրդում գտնվող դատավոր Մհեր Արղամանյանին։ «Էն Արղամանյանին, ում տղան ակտիվ քաղաքական դիրքորոշում է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ և թմբուկ է նվագել միտինգների ժամանակ, ու նրան դրանից հետո նշանակել են դատավոր»,- ասաց Օրբելյանը։

Պաշտպանը պնդեց, որ եղած նյութերի հիման վրա՝ կարելի է եզրակացնել, որ տվյալ քրեական գործը ի սկզբանե նախաձեռնվել է Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ-ի նախագահի պաշտոնից հանելու համար։ «Եթե քրեական վարույթը ուղղված չէ քրեական հետապնդման նպատակներին, ապա այդ գործը չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ Նա կրկնեց, որ այս ամբողջ գործընթացը կապված է Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության հետ, և եթե դատաքննության վերջում մեղադրանքը հաստատվի, ապա Ռուբեն Վարդազարյանը պատասխանատվության է ենթարկվելու ոչ թե այս քրեական գործում առկա հանցանքի համար, այլ իր հայտարարության համար։

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ գործի նյութերում կա քրեական գործ հարուցելու առիթի մասին տեղեկություն, ապա հարցրեց Օրբելյանին՝ ո՞րն է այս քրեական գործը հարուցելու առիթը։ Դատավորի պնդմամբ՝ միջնորդության մեջ ամբողջությամբ ներառված են քաղաքական գործընթացների մասին տեղեկություններ, սակայն այս քրեական գործում պատգամավորների ելույթների, Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության և Օրբելյանի կողմից նշված այլ փաստերի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել