Քիչ առաջ ավարտվեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ մեր հանդիպումը․ Արցախի պետնախարար
18:13 - 01 մայիսի, 2023

Քիչ առաջ ավարտվեց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ մեր հանդիպումը․ Արցախի պետնախարար

Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հանդիպումից մանրամասներ հայտնելով։

Ներսիսյանը գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:

Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է. իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.

- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,

- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,

- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,– ասված է գրառման մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել