Ազգային ժողովում խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցի ժամին լրագրողը հիշեցրեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ Թուրքիայի օդային սահմանը Հայաստանից թռիչքների համար փակվել է «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման պատճառով․
«Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի օդային սահմանը փակվել է, քանի որ տեղադրվել է Նեմեսիսի արձանը, ու սպառնաց՝ եթե չապամոնտաժվի, այլ քայլեր կհետեւեն սրան,- պատգամավորներ Սարգիս Խանդանյանից ու Վահան Ալեքսանյանից հետաքրքրվեց լրագրողը՝ հարցնելով,-
«Ի՞նչ է պատրաստվում Հայաստանի կառավարությունն անել, արդյոք հնարավո՞ր է՝ ապամոնտաժվի արձանը»։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցի այսպիսի ձեւակերպումը զարմացրեց, նա այսպես պատասխանեց․
«Նախ՝ արձանները ՀՀ կառավարության տիրույթում չեն, այլ Երեւանի քաղաքապետարանի տիրույթում են, բայց Ձեր հարցի մեջ սխալ կա, որովհետեւ նման բան, որ «եթե չապամոնտաժվի», նման արտահայտություն առնվազն չկար Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքում, այլ կար, կարծեմ, եթե չեմ սխալվում, «եթե նման քայլերը շարունակական լինեն», էս կոնտեքստում էր, բայց ձեր ասածի նման արտահայտություն չկար»։
Վահագն Ալեքսանյանը, սակայն, սխալվում է, քանի որ Չավուշօղլուն երեկ ոչ միայն ասել է «նման քայլերի» շարունակականության մասին, այլ նաեւ արձանի հեռացման իրենց ակնկալիքի։
Մասնավորապես, երեկ՝ մայիսի 3-ին, NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։
Արտգործնախարարը նշել է, թե «հուշարձանը տեղադրվել է թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար»․ «Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․ Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չէի կարող նստել, դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- ասել է Չավուշօղլուն։
Ապա լրագրողի ճշտող հարցին՝ օդային տարածքը փակելու մասին որոշումը նո՞ր է, Չավուշօղլուն դրական պատասխան է տվել՝ նշելով, որ միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է թույլատրվել թռչել Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
Չավուշօղլուն նշել է, որ դրանից զատ VIP թռիչքները չեն թույլատրվի, եւ շարունակել է․ «Եթե շարունակեն, եթե դա չհանեն, այլ միջոջներ կձեռնարկենք։ Անհնար է, որ մենք դրա հետ համակերպվենք, դա դրական մտադրությամբ չանելն էլ արդեն տեսել ենք»։ Այսպիսով, Չավուշօղլուն իսկապես արձանի հեռացման «պայմանի» մասին խոսել է, ուստի Վահագն Ալեքսանյանը սխալվում է։
Ի հիշեցում՝ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Այս մասին հայտնել էր Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Աննա Պալաքյան
comment.count (0)