«Բերձորի միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին»․ արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին 
 |aravot.am|
12:45 - 10 մայիսի, 2023

«Բերձորի միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին»․ արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին |aravot.am|

aravot.am: Արցախից տեղահանված անձինք այսօր բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետեւ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։ Արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին, նաեւ երթով գնալու են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ 

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, ներկայացնելով արցախցիների պահանջները, ասաց․ «Դուք գիտեք, թե ինչ է կատարվում Արցախում՝ հայ իշխանությունները, համագործակցելով Ադրբեջանի եւ ռուսների հետ, փակեցին Բերձորի միջանցքը, որն ըստ եռակողմ պայմանավորվածության՝ պետք է հինգ տարի անխափան գործեր։ Այսօր միջանցքը դարձավ Ադրբեջանի զավթիչ քաղաքականության, Ադրբեջանի դիկտատորի սեփականությունը։ Այն աստիճանի սեփականություն, որ նույնիսկ միջազգային դատարանի որոշումը չի կատարում Ադրբեջանի դիկտատորը։ Մենք եկել ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ մեր բողոքը հայտնելու, ՄԱԿ-ին դիմելու, որպեսզի իր պարտականությունները կատարի՝ կանգնեցնի հայ ժողովրդի ցեղասպանությունը ոչ միայն Արցախում, այլ ընդհանրապես Հայաստանի տարածքում»,- ասաց նա։ 
Նամակով արցախցիները պահանջում են, որպեսզի միջանցքի արգելափակումը վերացվի։ «Մենք նամակում բացատրում ենք, որ միջանցքի արգելափակումը հավասարազոր է ցեղասպանության, հավասարազոր է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին։ Այնուհետեւ դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի մարդու իրավունքների դեկլարացիայից ելնելով, պաշտպանի մեր շահերը»,- ասաց Հայրյանը։

Արցախցիները նաեւ հանդիպում են խնդրում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ։ Սպասում են, թե ինչ պատասխան կտան իրենց։ Ցույցին մասնակցում են 44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութից եւ Շուշիից տեղահանված արցախցիները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել