ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը
10:30 - 11 մայիսի, 2023

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնելու բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային լարված իրադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում են ստորև․

«Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:

Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել