Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար
15:22 - 12 մայիսի, 2023

Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մայիսի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետերի և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ է բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ:

ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է:

Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերն՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել