armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև զոհված զինծառայողի հայր է, անդրադարձավ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձին՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով նաև հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով:
Նազարյանն այս մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ մայիսի 19-ին քննվելու է զոհված զինծառայողներից մեկի մոր կալանավորման միջնորդությունը:
«Շատ ու շատ հանգամանքներ ու փաստեր հաշվի առնելով՝ բոլոր կողմերին, այդ թվում՝ մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին, և որ, հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ ու անցանկալի միջադեպեր լինեն»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Նա հավելեց՝ կինը, ով, պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Պատգամավորը շեշտեց՝ նրանց կողքին լինելու փոխարեն պետք չէ նրանց հասցնել այս վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի իրավիճակ լինի:
«Շատ-շատ ծնողների անունից եմ ասում՝ սա մեզ էլ շատ անցանկալի իրավիճակի մեջ է դնում: Մյուս կողմից մեր իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին մի հարց, կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ իրականացվեր շատ-շատ ավելի վատ մարդկանց կողմից, ինքը ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»,-ասաց պատգամավորը:
2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի:
Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:
Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:
Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:
Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
comment.count (0)