Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առնչությամբ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. Փաշինյան
13:25 - 22 մայիսի, 2023

Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առնչությամբ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. Փաշինյան

Նկատի ունենալով պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելաոճը՝ հայկական կողմը շեշտում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային երաշխավոր։ Հիմա Մոսկվայի եւ Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններում որեւէ կողմ պատրաստակամություն հայտնե՞լ է ստանձնել երաշխավորի այդ դերը, եւ Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում երաշխավորին, այն պետք է լինի որեւէ երկի՞ր, թե՞ միջազգային կառույց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արմենպրես»-ի լրագրողը՝ հնչեցնելով հարց, թե քանի որ առաջիկայում բանակցություններ են սպասվում Մոսկվայում, Քիշնեւում, նաեւ Գրանադայում, դրանցից որեւէ մեկում նախատեսվո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրում։

«Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է․ որ մինչեւ հինգշաբթի իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում։ Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները եւ սկզբունքները, բացառել չեմ կարող։ Քիշնեւում էլի մի ասմիս․․․ Ես ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայամագիրը, եւ գիտեմ, որ, համենայն դեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում։ Եթե գործնական մասով նայենք, գիտեք, որ Վաշինգտոնից առաջ մեր խմբագրումները նորից փոխանցել էինք ադրբեջանական կողմին, եւ հիմա մենք, ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, էն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է։ Օրինակ, եթե պարզվի, որ Ադրբեջանն, օրինակ, էս շաբաթ փոխանցի իր արձագանքները, եւ եթե մենք, կարծում ենք, մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք էդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչու չէ։ Բայց էս պահին դեռ չենք ստացել իրենց արձագանքները»- նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը երաշխավերի մասով ընդգծեց՝ այդ թեմայով էլ, ըստ էության, կարծես թե ըմբռնման որոշակի փոփոխություն կա։

«Եկեք նաեւ էսպես հասկանանք, որ, ի վերջո, երաշավորի պարտավորությունը․․․ Երաշխավոր եկեք պայմանական ասենք, որովհետեւ բանակցային գործընթացի ընթացքում ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ նույնպես առաջարկվել են․․․ Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում նախ եւ առաջ շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական եւ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, եւ ռիսկեր, եւ կարող է հեղինակությունը բարձրացնել, եւ հեղինակությանը լրջորեն վնասել, եւ էս առումով էնպես չի, որ բոլորը խանդավառված են եւ ուզում են իրար հերթ չտալով էդ դերը ստանձնել։ Բայց, միեւնույն ժամանակ, համոզված եմ, որ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջեւ իսկապես անկեղծ ցանկություն կա տեւական խաղաղություն հաստատելու, կարծում եմ կլինեն երկրներ եւ կազմակերպություններ՝ սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկական, այլ կհամաձայնվեն ստանձնել այդ գործառույթը։ Ես ընդամենը տպավորություն եմ կիսում ձեզ հետ այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ Փաշինյանի՝ Վաշինգտոնի բանակցությունների ամենակարեւոր արձանագրումն այն է, որ իքս պահից (բանակցությունները տեւել են չորս-հինգ օր) կողմերը կարծես սկսել են միմյանց հետ հաղորդակցվել՝ ավելի ուղիղ եւ բաց ներկայացնելով իրենց մտահոգությունները, եւ ներկայացնելով դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը։ 
Շատ նյուանսներ են ի հայտ եկել, որոնք նախկինում կողմերին այդքան տեսանելի չէին կամ, համենայն դեպք, արձանագրված չէին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել