Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից  իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան
 |news.am|
12:56 - 24 մայիսի, 2023

Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան |news.am|

news.am: Ես ուշադիր լսել եմ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները եւ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարեւան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն տարածքային կոորդինատներով, որն ընդունվել է 1991-ին ԱՊՀ երկրների կողմից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին եւ ասում եմ, որ մենք վճռական ենք Հայաստանի անունից, ՀՀ ժողովրդի անունից՝ ավարտին հասցնել մեր հարեւանների հետ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա համարում եմ մեր քաղաքական թիմի կարեւորագույն առաքելությունը Հայաստանի ժողովրդի առջեւ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ արցախահայերն իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, Արսենյանն ասաց. «Ես որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ Հայաստանի պետական շահերի սպասարկմամբ: ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պետք է ստորադասվեն օրակարգի որեւէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեությունը»:

Հարցին, թե Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը:

Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շհերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել