Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը․ վարչապետ
 |armenpress.am|
17:56 - 24 մայիսի, 2023

Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը, սակայն իրավական մակարդակում այս հարցով որևէ վերջնական համաձայնություն չկա։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային։

«Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթերի մեջ հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Եվ, այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ անկլավների հարցով վերջնական համաձայնություն չկա՝ դրանք կփոխանակվե՞ն, թե՞ կտրվի այլ լուծում։

«Այստեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և, իմ պատկերացմամբ, այստեղ ճկունության շատ մեծ տեղ կա։

Եթե լինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, ես կգամ ու կասեմ, որ հարցի լուծումը հստակ պայմանավորվել ենք և այն այսպես է։ Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնություն չկա, կան մտքեր և տարբեր գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չի»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել