Հայտնաբերվել է Նիգավանում 3 զոհի և 4 վիրավորի հանգեցրած կրակոցների դեպքով երկրորդ հետախուզվողը
12:25 - 26 մայիսի, 2023

Հայտնաբերվել է Նիգավանում 3 զոհի և 4 վիրավորի հանգեցրած կրակոցների դեպքով երկրորդ հետախուզվողը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից:

Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, ևս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երևանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից:

Լրացվեց և այդ բացը: Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել