Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
 |artsakhpress.am|
14:29 - 29 մայիսի, 2023

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:

«Արցախպրես»-ի հետ զրույցում  այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ     նախօրեին Ալիևի արած հայտարարության:

«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը: Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով , որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասել է Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել․ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (Արցախ՝ խմբ․) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»: Ըստ Ալիևի՝ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել