Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
 |armenpress.am|
12:28 - 31 մայիսի, 2023

Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ցականյանը։

Նրա խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշեց Ցականյանը։

Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։

«Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,- ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ  պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։

Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,-  շեշտեց Ցականյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել