civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հարցաքննելու կարիք կա, քննությունը նրան մի շարք հարցեր ունի։ «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խումբն անցած տարվանից քննում է պետության կողմից կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով հատկացված գումարների յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործը։ Մարտին այդ գործով մեղադրանք առաջադրվեց առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։ Վերջինս շուրջ երկու ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Քննությունը պարզել էր, որ չմատուցված ծառայությունների համար 119 միլիոն դրամ է փոխանցվել «Մեդլայն» բժշկական կենտրոնին, իսկ Սիմոնյանը՝ լինելով «Մեդլայն»-ի սեփականատերերի մտերիմը, հսկողություն չէր իրականացրել։
119 միլիոն դրամը, որ չմատուցված ծառայությունների համար փոխանցվել էր «Մեդլայն»-ին, ըստ Սասուն Խաչատրյանի, փոփոխվել է և աճել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ մոտ ապագայում այս գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքները «իհարկե փոփոխվելու և լրացվելու են»։
comment.count (0)