Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն
 |tert.am|
12:14 - 02 հունիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն |tert.am|

tert.am:  Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ չի արտացոլում կողմերի դիրքորոշումը, այլ խեղաթյուրում է այն. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրատվամիջոցների համար հայտարարություն է արել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հետագայում հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հայտարարություն  է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ․ «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը։ Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել