ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է |armeniasputnik.am|
12:25 - 10 հունիսի, 2023

ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ հունիսի 9-ին, կայացել է առաջին դատական նիստը։

Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի՝ ապրիլի 12-ին Ախունդովը իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին և սպանել նրան։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով այն, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։

Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում՝ ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չի ներկայացրել։

Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնել է, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով դատավարության ողջ ընթացքը անցել է օրենքի պահանջներին համապատասխան։

Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։

ՀՀ սահմանը ապօրին հատած Ախունդովն ապրիլի 12-ին, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել