Բորելը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը թույլ կտան տարածաշրջանում պահպանել հարաբերական անդորրը |armenpress.am|
21:41 - 13 հունիսի, 2023

Բորելը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը թույլ կտան տարածաշրջանում պահպանել հարաբերական անդորրը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում: Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ապահովվել Հայաստանի և Ադբերջանի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումը, Բորելն ասել է, որ, ցավոք, երբեմն համաձայնագրերը հայտնվում են փակուղու առաջ և չեն իրագործվում, ինչի «հրաշալի օրինակ է այն, ինչ տեղի է ունենում անցակետում»:

Բորելը շեշտել է, որ ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի և ապահովվի մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարկավոր է լավատես լինել, որովհետև քայլ առ քայլ, համաձայնագրերի մասնակի իրագործման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այն բանից, որ տարածաշրջանում նորից բռնկվի պատերազմ, զինված հակամարտություն:

Նա հույս է հայտնել, որ ներկայում գործադրվող դիվանագիտական ջանքերը թույլ կտան պահպանել տարածաշրջանում հարաբերական անդորրը, մինչ բանակցությունները շարունակվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել