«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ
 |aravot.am|
11:31 - 15 հունիսի, 2023

«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ |aravot.am|

aravot.am: «Մեր կանխատեսումների համաձայն՝ գնաճն այս տարի կլինի թիրախից ցածր, այսինքն՝ մենք կունենանք նպատակադրված թիրախից ցածր գնաճ, որը, մեր պատկերացմամբ, խելամիտ քաղաքականության է, որովհետեւ երկու տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո պիտի լինի ժամանակ, երբ ԿԲ-ն իրականացնելու է դիսինֆլյացիոն քաղաքականություն»,- այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց, որ հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների գնաճը 8․7 տոկոս է մինչ այսօր։ «Ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ավելի զուսպ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հարցում, որովհետեւ մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,- հավելեց Գալստյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե տնտեսական աճի կանխատեսման հիմքում ի՞նչ գործոններ են ընկած։ «Մենք կարծում ենք, որ ծառայությունների ու շինարարության ոլորտը շարունակելու են աճել այս տարվա ընթացքում՝ պայմանավորված նաեւ ներքին եւ արտաքին գործոններով։ Արդյունաբերության աճը լինելու է 6 տոկոսի շրջանակներում եւ մի քիչ ավել, գյուղատնտեսությունն ունենալու է փոքր դրական աճ»։

Ըստ Գալստյանի՝ ԿԲ վերջին կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 6․9 տոկոս, որը կրկնակի պակաս է նախկին կանխատեսումից։

Ըստ ԿԲ նախագահի՝ պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր ներուժն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել