«Ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ»․ Պուտինը ուղերձ է հղել
11:57 - 24 հունիսի, 2023

«Ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ»․ Պուտինը ուղերձ է հղել

Պուտինը կոչով դիմել է ՌԴ քաղաքացիներին, զինված ուժերին, իրավապահ մարմիններին, հատուկ ծառայություններին, մարտիկներին ու հրամանատարներին, «որոնք հիմա կռվում են իրենց մարտական դիրքերում, հերոսաբար հետ են մղում հակառակորդի հարձակումները»։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ է հնչեցրել։ 

«Դիմում եմ նաեւ նրանց, որոնց խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, գցել են ծանր հանցագործության մեջ՝ զինված ապստամբության։ Ռուսաստանն այսօր ծանրագույն կռիվ է տալիս իր ապագայի համար, անդրադարձնում է նեոնացիստների եւ իրենց տերերի ագրեսիան։ Մեր դեմ են ուղղված արեւմուտքի գործնականում բոլոր ռազմական, տնտեսական, տեղեկատվական մեքենաները։ Մենք մարտնչում ենք մարդկանց կյանքի ու անվտանգության համար, մեր ինքնիշխանության եւ անկախության համար, իրավունքի համար՝ մնալ ու լինել Ռուսաստան՝ պետություն՝ հազարամյա պատմությամբ։ Սա ճակատամարտ է, որտեղ որոշվում է մեր ազգի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միասնություն, կոնսոլիդացիա եւ պատասխանատվություն, երբ մի կողմ պետք է թողնվեն ամեն ինչ, ինչ թուլացնում է մեզ։ Դրա համար գործողությունները, որոնք աղճատում են մեր միասնությունը, ըստ էության դասալքություն են սեփական ժողովրդի, մարտական ընկերների հանդեպ, դրանք թիկունքից հարված են մեր երկրին ու ազգին»,- ասել է նա։

«Այն, ինչին մենք բախվել ենք, հենց դավաճանություն է։ Ամբիցիաներն ու անձնական հետաքրքրությունները բերեցին դավաճանության, դավաճանություն սեփական երկրի, սեփական ազգի եւ այն գործի հանդեպ, որի համար ճակատ ճակատի մեր մյուս զորամասերի ու ստորաբաժանումների հետ կռվել ու զոհվել են նաեւ «Վագների» մարտիկներն ու հրամանատարները։ Հերոսները, որոնք ազատագրել են տարբեր տարածքներ»,- հայտարարել է Պուտինը՝ թվելով տարածքների անուններ։

ՌԴ նախագահի խոսքով նրանց անունն ու պատիվը նույնպես դավաճանել են նրանք, ովքեր փորձում են կազմակերպել զինված ապստամբություն, երկիրը մղել ամենաթողության ու եղբայրասպանության, վերջին հաշվով պարտության եւ կապիտուլյացիայի․ «Կրկնում եմ՝ յուրաքանչյուր ապստամբություն մահացու սպառնալիք է մեր պետականության, մեզ համար՝ որպես ազգ։ Դա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին․ նման սպառնալիքից հայրենիքի պաշտպանության համար մեր գործողությունները դաժան են լինելու»։

Վլադիմիր Պուտինն իր կոչում նաև ընդգծել է, որ նրանք, ովքեր գիտակցաբար կանգնել են դավաճանության ճանապարհին, ովքեր կազմակերպել են զինված ապստամբություն, կանգնել շանտաժի եւ տեռորիստական մեթոդների ճանապարհին, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան ե՛ւ օրենքի, ե՛ւ մեր ժողովրդի առաջ։

«Զինված ուժերը եւ պետական մյուս մարմինները ստացել են անհրաժեշտ հրաման․ հակաահաբեկչական բնույթի հավելյալ միջոցառումներ են իրականացվում հիմա Մոսկվայում, այլ շրջաններում։ Որոշիչ գործողություններ են իրականացվելու Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման համար․ այնտեղ իրավիճակը բարդ է մնում։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքը։

Որպես ՌԴ նախագահ եւ գերագույն հրամանատար, որպես ՌԴ քաղաքացի կանեմ ամեն ինչ, որպեսզի պաշտպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը եւ անվտանգությունը, ազատությունը»,- հայտարարել է Պուտինը։

Նա նշել է՝ նրանք, ովքեր կազմակերպել ու պատրաստել են զինված ապստամբությունը, ովքեր զենք են բարձրացրել մարտական ընկերների վրա, դավաճանել են Ռուսաստանը, պատասխան են տալու դրա համար․ «Իսկ նրանց, ում փորձում են ներքաշել այդ հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել ճակատագրական եւ ողբերգական սխալ, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին։ Ես հավատում եմ, որ մենք կպահպանենք եւ կպաշտպանենք այն, ինչ թանկ է եւ սուրբ մեզ համար։ Եվ մեր հայրենիքի հետ մենք կհաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, կդառնանք ավելի ուժեղ»։

Նշենք, որ Պրիգոժինը հրապարկել է տեսանյութ, որտեղ պնդում է, թե իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։ ՌԴ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Պրիգոժինի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու հատկանիշներով։ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել