shantnews.am: Միլիարդատերեր Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին», որը պետք է տեղի ունենա նրանց միջև Լաս Վեգասում խառը մենամարտերի (MMA) կանոնների համաձայն և UFC-ի հովանու ներքո։ Առաջիկա մենամարտի երկու մասնակիցներն էլ հրապարակել են իրենց մարզումների կադրերը։
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը մարզվել է բրազիլական ջիու-ջիցուի վարպետ Լեքս Ֆրիդմանի հետ։
«Մենք Իլոն Մասկի հետ մի քանի ժամ մարզվել ենք։ Ես աներևակայելի տպավորված եմ նրա ուժով, ոտքերով աշխատելու վարպետությամբ, գետնի վրա ունեցած հմտություններով: Շատ ոգեշնչող է, որ Իլոնն ու Մարկը հրապարակայնորեն քարոզում են մարտարվեստը, բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է, նրանք շարունակեն պարապել, այլ ոչ թե ռինգում կռվել», – ասել է Ֆրիդմանը:
Ցուկերբերգը, առանձնապես չի գովազդում իր մարզումները, սակայն հայտնի է, որ Ֆրիդմանը նրա հետ ևս աշխատել է։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մասկը հունիսին մարտահրավեր նետեց Ցուկերբերգին, երբ Meta-ի ղեկավարը հայտարարեց Twitter-ին մրցակից ստեղծելու ցանկության մասին: Մասկն առաջարկեց մենամարտել Լաս Վեգասում MMA-ի կանոններով, և այս մարտահրավերն ընդունվեց։
Tesla-ի հիմնադիրին փորձել է հետ պահել կռվից իր մայրը՝ Մեյ Մասկը, ով առաջարկել է «խոսքերով մենամարտ» կազմակերպել, սակայն գործարարը չի լսել նրան։
Twitter-ի սեփականատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը, նույնպես դեմ է արտահայտվել Ցուկերբերգի հետ մենամարտին։
«Բանն այն է, որ եթե այս խելահեղ կռիվը տեղի ունենա, և եթե Իլոնը ծեծի այս տղային, ապա նրան կկոչեն «խուլիգան»: Ի վերջո, Իլոնը շատ ավելի ծանր ու բարձրահասակ է։ Միևնույն ժամանակ, եթե նա պարտվի, նվաստացումը կլինի բացարձակ:
Իլոնի համար սա անելանելի վիճակ է։ Նա և՛ պարտվելու, և՛ հաղթելու դեպքում կհամարվի պարտված: Կարծում եմ, որ Իլոնը ծանր դրության մեջ է հայտնվել»,- Էրոլ Մասկի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
52-ամյա Մասկը պատմել է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ ինքը մեծացել է, հաճախ ստիպված է եղել կռիվների մեջ մտնել, քանի որ դա «վտանգավոր վայր» էր։ Իսկ 39-ամյա Ցուկերբերգը բավականին երկար ժամանակ մարտարվեստով է զբաղվում։ Մայիսին Սիլիկոնյան հովտում անցկացված ոչ պրոֆեսիոնալ ջիու-ջիցուի մրցաշարում նա գրավել է առաջին տեղը:
UFC-ի ղեկավար Դանա Ուայթն ասել է, որ երկու գործարարներն էլ լրջորեն են տրամադրված մենամարտ անցկացնելու հարցում։ Մենամարտը դիտելու վճարովի բաժանորդագրության արժեքը այս դեպքում կկազմի 100 դոլար, ինչը 20 դոլարով ավելին է, քան մյուս մենամարտերի դիտման գինը:
comment.count (0)