Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել
22:30 - 02 հուլիսի, 2023

Սամվել Բաբայանն առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձեւավորել

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշում է՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ հարաբերվելն է, որին ինքը՝ Բաբայանը, դեմ չէ։

Բաբայանն առաջարկում է Ադրբեջանի հետ խոսել փաթեթով․ «Նշել էն բոլոր կետերը, որոնք կողմերիս հետաքրքրության գոտում են, փոխվստահություն ձեռք բերենք իրար նկատմամբ՝ օրինակ, հետ քաշի իր զորքերը, կանաչ գոտի ստեղծի, եւ այլն»։ 

Նրա խոսքով՝ Արցախն իր քաղաքական ուժերի հետ պիտի ձեւավորի այդ փաստաթուղթը, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանն ուսումնասիրի ու առաջարկի իր տարբերակը․ «Որտեղ ոչ թե կարգավիճակ, Ղարաբաղի հարց կլինի, այլ փոխվստահություն, ես բառն իզուր չեմ օգտագործում, այսինքն՝ էդ քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ, որտեղ արդեն եւ կարգավիճակի, մյուս բոլոր խնդիրները կլինեն։ Եթե առաջին հարցում մենք իրար չենք հասկանում, այլեւս դադարում ենք բանակցությունները, և շարունակում խրամատավորվել», - ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում։

Բաբայանի խոսքով, իրենք հակադիր կարծիք ունեն եւ Արցախի իշխանության, եւ ընդդիմության հետ․ «Երկուսն էլ առաջարկում են, որ պետք է միջազգային միջնորդ լինի, հավասարը հավասարի հետ նստել, Ադրբեջանն էլ ասում ա՝ դուք ընդհանրապես ոչ մի կառույց-մառույց չպիտի ունենաք, մեր մի փոքր համայնքն եք, այսինքն՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը»։ 

Բաբայանը նշում է՝ Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը չեն ուզում պատասխանատվություն վերցնել․ «Խուսափելով պատասխանատվությունից՝ պահանջ ես դնում, դու էլ գիտես, որ չի լինելու, ինքն էլ, բայց դու մոռանում ես, որ 120 հազար մարդու պատասխանատուն ես ներկա վիճակում ու պետք ա խնդիրները լուծես․ լավ, ի՞նչ եք անում, պատերա՞զմ եք անում, սկսենք պատերազմ, քաղաքակա՞ն լուծման եք գնում, ես ասում եմ՝ քաղաքական լուծումը էդ ա։ Իհարկե, քո ժողովուրդը քեզ ճակատից չի պաչելու, որ դու 30 տարի ասել ես՝ դու անկախ ես, ու հանկարծ իրան բերել ես պարտության քո անխելքությամբ, ոչ կազմակերպվածությամբ, հիմա դրել փաստի առաջ, հիմա պետք ա ելք գտնես, ժողովուրդը չի կարա ելք գտնի»։ 

Հարցին, թե ինչպես է իր դիրքորոշումն իրականացնելու, Բաբայանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ սիրելի ժողովուրդ, 35 հազար մարդ ընտրել ա Արայիկ Հարությունյանին, 35 հազար մարդ պետք ա դուրս գաք հրապարակ, եթե կցանկանաք, որ ես զբաղվեմ, պահանջեք, որ ծառայեմ ձեզ, ես կծառայեմ», - ասաց Սամվել Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել