Դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով գանգատ կներկայացվի ՄԻԵԴ
22:20 - 03 հուլիսի, 2023

Դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով գանգատ կներկայացվի ՄԻԵԴ

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանական թիմը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կարգապահական վարույթի ընթացքում Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Զորայր Հարությունյանն այսօր ասաց՝ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումը, ըստ ամենայնի, անհետեւանք կթողնի՝ նկատի ունենալով, որ կարգապահական վարույթն ավարտվել է, եւ անգամ բավարարելու դեպքում որեւէ գործուն հետեւանք այլեւս չի կարող լինել, իսկ բոլոր այն խախտումները, որոնց մասին իրենք բարձրաձայնել են, կներկայացվեն բուն գանգատով․ «Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այն բավարարվելու է, վարույթը վերաբացվելու է, եւ Դավիթ Հարությունյանը վերականգնվելու է իր գործին», – նշեց նա՝ մանրամասնելով, որ խախտումները վերաբերում են արդար դատաքննության եւ ազատ խոսքի իրավունքին, այսինքն՝ թե՛ ընթացակարգային են, թե՛ բովանդակային։

Հիշեցնենք՝ Բարձրագույն  դատական խորհուրդն այսօր բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ըստ Նախարարության՝ Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ որոշակի քննադատության ենթարկելով ԲԴԽ–ին։

Փաստաբան Զորայր Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը սխալ է ընկալել Հարությունյանի հրապարակային խոսքը, սակայն իրենք այդպես էլ հնարավորություն չունեցան դրա վերաբերյալ մեկնաբանություն ներկայացնել, քանի որ սահմանափակվեց թե՛ պաշտպանության իրավունքը, թե՛ Հարությունյանի՝ նիստին մասնակցելու հնարավորությունը․ «Դավիթ Հարությունյանին վերագրվում է խախտում, իբրեւ թե նա քննադատել է ԲԴԽ մեկ կամ մի քանի որոշում, որոնցով դադարեցվել են այլ դատավորների լիազորություններ, սակայն Դավիթ Հարությունյանը երբեւէ չի քննադատել ԲԴԽ որոշումները, որոնք Խորհուրդը որպես դատարան է կայացրել, քննադատել է այն օրենսդրական փաթեթը, որը հանգեցրել է նրան, որ համապատասխան քանակի դատավորների լիազորություններ դադարեցվել կամ կասեցվել են, այսինքն՝ Արդարադատության նախարարությանն ու ԲԴԽ–ին քննադատել է այնքանով, որքանով օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը այդ երկու մարմնին էր պատկանում, մասնավորապես, Գրիգոր Մինասյանին եւ Կարեն Անդրեասյանին»,– ասաց նա։

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ԲԴԽ–ն պետք է դատավորների համար օրինակ ծառայեր, բայց լրիվ հակառակն է լինում

Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, այն կարծիքին է, որ ԲԴԽ–ն գոնե փորձ չկատարեց՝ իմիտացիա ստեղծելու, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթի ընթացքում որեւէ բան օրենքով է արվում. «Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ անսպասելի ոչինչ չկար. Կարեն Անդրեասյանից որեւէ այլ՝ օբյեկտիվ ակնկալիք ունենալ հնարավոր չէր»,-որոշման հրապարակումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Հարությունյանը՝  հավելելով, որ ԲԴԽ-ն պետք է դատավորների համար օրինակ ծառայեր, բայց լրիվ հակառակն է լինում։

Որոշման եզրափակիչ մասը ընթերցելիս Կարեն Անդրեասյանը չասաց՝ այն ովքեր են ստորագրել, ուստի պարզ չէ՝ հատուկ կարծիք ներկայացնող դատավոր եղե՞լ է թե՞ ոչ։ Ըստ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք ԲԴԽ-ի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ, ինչի մասին որոշման մեջ ստորագրությամբ նշում է արվում։ Անդրադառնալով այդ հանգամանքին՝ Դավիթ Հարությունյանն ասաց՝ չի բացառում, որ մեկ կամ երկու կամ երեք անդամ դեմ եղած լինեն, բայց մեկ է, նման որոշում հրապարակվեր։ Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար, ըստ Դատական օրենսգրքի, անհրաժեշտ էր, որ դրան կողմ քվեարկեր Խորհրդի անդամների առնվազն կեսը, այսինքն՝ հինգ անդամ։ Միջնորդության քննությանը տվյալ դեպքում մասնակցել է Խորհրդի վեց անդամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, չնայած նրան, որ որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։ Դավիթ Հարությունյանը, սակայն, ընդգծեց՝ նիստերի դահլիճում Դատական դեպարտամենտի աշխատակիցներն էին, այսինքն՝ այն արհեստականորեն էր լցված․ «Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, փորձի ընդհանրապես բացակայությունը փորձում են նմանատիպ միջոցներով լրացնել»,- ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ այդ ընթացքում որպես գործիք օգտագործվում են Դատական դեպարտամենտի բարեխիղճ աշխատակիցներ․ «Այդ անձնավորությունը դատավարության նույնիսկ կողմ, ներկայացուցիչ չի եղել, էլ ո՞ւր մնաց դատավոր, դատավոր չեն դառնում՝ պատմուճան հագնելով կամ հրամանագիր ստորագրելով»,- նշեց Հարությունյանը։

Հարցին, թե ինչից է սկիզբ առել Անդրեասյանի եւ դատավորների միջեւ այս լարվածությունը, Հարությունյանը պատասխանեց՝ սկիզբ է առել այն ժամանակ, երբ Անդրեասյանը դեռ Արդարադատության նախարար էր եւ շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով անձի վիճակը վատթարացնող օրենքին առաջարկվում էր հետադարձ ուժ տալ․ «Նախագիծը ուղարկեցին մեզ, մի շարք դատավորներ դրա վերաբերյալ կարծիք հայտնեցին, դրան չարձագանքեցին, հրապարակեցինք, վերջում կանգնեց, ասաց, թե դատավորներն իրեն ճնշում են, մեղադրեց քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշեց, որ դիմել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղից ստացվեց ավելի խիստ քնադատական կարծիք, որի հետ ինքը հաշվի չնստեց՝ նշելով, որ Հանձնաժողովը չի արգելել այդպիսի փոփոխություն կատարել, մինչդեռ Հանձնաժողովը նշել էր, որ նման փոփոխությամբ պետությունը կանգնեցնելու են մարտահրավերների առջեւ»,- ասաց Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Անդրեասյանը, փաստորեն, մարտահրավերի առաջ կանգնելուց չի խորշում, չի վախենում կամ ընդհանրապես դրա մասին չի մտածում։ Նշենք՝ խոսքն օրենսդրական այն փոփոխության մասին է, որը հնարավորություն է ընձեռում ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորներին պատասխանատվության ենթարկել։

Անդրադառնալով իր երեկ ներկայացրած միջնորդությանը, որով Հարությունյանը խնդրել էր վերսկսել իր վերաբերյալ վարույթի քննությունը՝ դատավորն ասաց՝  դա ԲԴԽ–ին տրված վերջին փորձն էր, որը, սակայն, մնաց անարձագանք։ Հիշեցնենք՝ դատական վերջին նիստի արձանագրություններն ու նյութերը վերանայելուց ու ուսումնասիրելուց հետո Հարությունյանը պարզել էր, որ փաստաբանների վերադարձի պահին նիստն իրականում ավարտված չի եղել, իսկ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին եւ մուտք գործել շենք (տվյալ նիստը փաստաբանների՝ նախապես հայտարարված գործադուլի օրն էր, ինչով պայմանավորված՝ փաստաբաններն ի սկզբանե դրան չէին մասնակցում)։ Այդ վարքագծով, ըստ Հարությունյանի, ԲԴԽ նախագահը ցույց է տվել, որ չի հարգում ԲԴԽ մյուս անդամներին․ «Ընդ որում, Անդրեասյանը միակ մարդը չի եղել, որ այդ մասին իմացել է, սղագրություններից երեւում է, հետագայում փորձաքննության եզրակացությունն էլ կտա պատասխանը, թե ով էր երկրորդ մարդը, որ եւս այդ խոսակցության ընթացքում հստակ գիտեր, որ փաստաբանները ժամանել են եւ ցանկանում են բարձրանալ վերեւ»։ Դատավորի խոսքով՝ քննարկում են կատարվածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը։

Քրեական դատավարության ոլորտում աշխատանքային 20 եւ որպես դատավոր 12 տարվա փորձառություն ունեցող Հարությունյանը հիշեցրեց՝ իր վերաբերյալ երբեւէ վարույթ չէր նախաձեռնվել, խրախուսանքներից բացի անգամ բանավոր նկատողության չի արժանացել։ Մեր հարցին, թե որն է իր խորհուրդը իրավաքաղաքական այս իրավիճակում սկսնակ դատավորներին՝ Հարությունյանը պատասխանեց․ «Պետք է առաջնորդվեն Սահմանադրությամբ, օրենքով եւ իրենց սեփական խղճով ու մինչեւ վերջին հնարավորությունն այդպես վարվեն, որպեսզի չամաչեն սերունդերի մոտ երեւալ»։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել