Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը |armenpress.am|
12:58 - 04 հուլիսի, 2023

Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի ծրագրավորող, ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի միլիարդատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը:

Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են երկու տղամարդիկ տրամադրված այս մենամարտի անցկացմանը։ Այնուամենայնիվ, Իլոն Մասկը, կարծես, մարզումներ է անցկացնում։ Հուլիսի 3-ին UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Ժորժ Սեն Պիեռը Instagram-ում լուսանկար է հրապարակել Մասկի հետ մարզումներից հետո։ Լուսանկարում են նաև ռուս-ամերիկացի հայտնի բլոգեր և գիտնական, ջիու ջիցուի սև գոտի ունեցող Լեքս Ֆրիդմանը և ջիու ջիցուի մարզիչ Ջոն Դանահերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել