Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում
15:57 - 10 հուլիսի, 2023

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ, և Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Այս մասին ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի լիագումար նիստում:

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ և կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձև: Այս բանաձևը կօգնի մեզ ապահովել և պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը»,-նշել է Խանդանյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր և հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում:

«Ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:

Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար:

Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարևանների հետ համակեցության բանաձևը, և այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի և ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել»,-ասել է նա:  
 
Խանդանյանը շեշտել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` Հայաստանը շարունակելու է պահպանել խաղաղության իր քաղաքական ուղեգիծը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և համագործակցության մասին այս զրույցը կկարողանան շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում: Նա ուրախությամբ բոլորին հրավիրել է Հայաստան:

«Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների և բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում»,-եզրափակել է պատգամավորը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել