Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|
10:39 - 11 հուլիսի, 2023

Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ սա լուրջ զարգացում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։

Այս հայտարարությունը շրջադարձային քայլ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիան կարող է դաշինքին միանալ միայն այն բանից հետո, երբ իր երկիրը միանա Եվրոպական Միությանը։

Հուլիսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ Ազգային ժողով ներկայացնել և աշխատել խորհրդարանի հետ՝ արձանագրության հաստատումն ապահովելու համար։

Ստոլտենբերգը, սակայն, չի հայտնել, թե երբ Էրդողանը փաստաթուղթը կներկայացնի խորհրդարան։ Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցության հայտը, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հունգարիան այն կհաստատի ամենավերջինը։

Թուրքիան ամիսներ շարունակ չէր հաստատում Շվեդիայի հայտը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» անդամներին թույլ է տալիս գործել իր տարածքում։ Անկարան նաև դատապարտում էր Ստոկհոլմին իսլամաֆոբ ցույցերի համար, այդ թվում՝ Ղուրանի այրման։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Թուրքիան և Շվեդիան աշխատել են անվտանգության շուրջ Անկարայի «օրինական մտահոգությունները լուծելու ուղղությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել