Ալիևը դեմ է Երասխում գործարանի կառուցմանը․ կոչ է անում Երևանին «հրաժարվել վտանգավոր գործելաոճից»
 |panarmenian.net|
11:14 - 12 հուլիսի, 2023

Ալիևը դեմ է Երասխում գործարանի կառուցմանը․ կոչ է անում Երևանին «հրաժարվել վտանգավոր գործելաոճից» |panarmenian.net|

panarmenian.net: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել է Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին՝ կոչ անելով Երևանին «հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից»։

Նա ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում Էսպոյի կոնվենցիայի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այնտեղ ասվում է, որ սահմանների մոտ այնպիսի ձեռնարկությունների կառուցումը, որոնք կարող են աղտոտման աղբյուր համարվել անդրսահմանային գետերի համար և բնապահպանական վտանգ ներկայացնել, պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ, և մենք պահանջում ենք դա Հայաստանից»,-ասել է նա։

Ըստ նրա, ադրբեջանական ՀԿ-ներն արդեն դիմել են ՀՀ իշխանություններին գործարանի կառուցման հարցով։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չպետք է մի կողմ քաշվի։ Պետք է տեսնել, թե որ կազմակերպություններին է պետք դիմել պաշտոնական, պետական գծով, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ վտանգավոր գործելաոճից։ Եթե ինչ-որ ձեռնարկություն են ուզում կառուցել, դա նրանց ներքին գործն է, բայց եթե այն մեր սահմանից 500 մետրի վրա է և այնտեղ վտանգավոր նյութեր են օգտագործվելու, դա արդեն մեր հարցն է»,-ասել է Ալիևը։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել