news.am։ Միացյալ Նահանգները չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ամերիկյան արտադրության զինամթերք ատլանտյան համերաշխության պատրվակով: Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի «F-35 հոդվածի», որը կպարտադրեր ՆԱՏՕ-ի երկրներին ձեռք բերել ամերիկյան զինամթերք»,-ընդգծել է նախարարը:
Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է ստեղծի ռազմական գործիքներ, որոնք կհամապատասխանեն դրա տնտեսական եւ քաղաքական հզորությանը: «ՆԱՏՕ-ն երբեք չի դառնա մեր ինքնիշխանության գործիքը, այն պետք է կառուցեն հենց եվրոպացիները,-պարզաբանել է Պարլին:-Ինքնիշխան Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է փոխադարձաբար ամրապնդեն միմյանց»:
Հիշեցնելով «ՆԱՏՕ-ի ուղեղի վախճանի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը՝ նա նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը ձգտում է դրդել Հյուսիսատլանտյան միության անդամներին դեպի անհրաժեշտ քննարկումը: «Հանրապետության նախագահը մատնանշել է հարցերը, որոնք վաղուց ծագել են կազմակերպությունում,-նշել է նախարարը:-Այդ խոսքերը թելադրված են անհրաժեշտ քննարկումը նախաձեռնելու կամքով, որպեսզի նոր դինամիկա հաղորդվի միության հիմքերին: Դա պետք է լինի Լոնդոնում չորեքշաբթի մեր դեբատների առանցքային կետը»,-ընդգծել է նա:
Միեւնույն ժամանակ Պարլին նշել է, որ չի կարելի ապահովել Եվրոպայի անվտանգությունն առանց Ռուսաստանի հետ երկխոսության: «Առանց երկխոսության անվտանգություն չի լինի»,-ամփոփել է նա:
comment.count (0)