Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
 |armeniasputnik.am|
13:42 - 14 հուլիսի, 2023

Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,- ասաց Խանդանյանը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։
«Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։
Նա ընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել