Հրթիռակոծություն ու անօդաչուներով հարձակում Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի վրա. տուժել է ավելի քան 20 մարդ
 |hetq.am|
12:43 - 20 հուլիսի, 2023

Հրթիռակոծություն ու անօդաչուներով հարձակում Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի վրա. տուժել է ավելի քան 20 մարդ |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հուլիսի 20-ի գիշերը անօդաչուներ և հրթիռներ են արձակել Օդեսայի, Նիկոլաևի և Սումիի ուղղությամբ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ Ուկրաինայի հարավային մարզերի ուղղությամբ արձակվել է 19 թևավոր հրթիռ, ներառյալ «Օնիկս» (Оникс) և «Կալիբր» (Калибр) տեսակի հրթիռներ, ինչպես նաև` 19 անօդաչու։ Հարձակման համար կիրառվել են օդային և ցամաքային բազավորման հրթիռներ։ Արձակումներն իրականացվել են նաև սուզանավից, որը գտնվում է Սև ծովի ավազանում։ 

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ծովային բազավորման երկու, ցամաքային բազավորման երեք հրթիռ և 13 անօդաչու հաջողվել է խոցել։ Հարվածների թիրախում են հայտնվել նավահանգիստները, նավամատույցները, բնակելի շենքերը և առևտրի ցանցերը։ 

Նիկոլաևում վնասվել են բնակելի շենքեր։ Մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ տուժել է 18 մարդ, որից 9-ը, այդ թվում՝ 5 երեխա, հոսպիտալացվել է։ 2 մարդ դուրս է բերվել փլատակների տակից։ Կիմը նաև գրել է, որ հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ 

Օդեսայում վնասվել է մի քանի շենք, այդ թվում նախակրթարաններից մեկը։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը գրել է 2 տուժածի և հարվածի հետևանքով առաջացած հրդեհի մասին, որի մակերեսը կազմել է շուրջ 300 քառակուսի մետր։ Օդեսայի մարզային զինվորական վարչակազմին կից հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը տեղեկացրել է 4 տուժածի մասին։ 

Սումիում անօդաչուն ընկել է արտադպրոցական վերականգնողական կենտրոնի վրա, որի հետևանքով հրդեհ է առաջացել։ Ինչպես հայտնել են մարզային զինվորական վարչակազմից, տուժել է 1 բուժքույր։

УНИАН-ը, հղում անելով մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսին, գրում է, որ անօդաչուները հարձակվել են նաև Չեռնիգովի մարզի վրա։ Նրա տվյալներով՝ վնասվել է մի քանի տուն, իսկ բնակիչների մի մասը կվերաբնակեցվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել