Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածին
12:01 - 25 հուլիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում հրապարակված հոդվածի վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի» նշել է․ «Այն, որ Հայաստանի վարչապետը «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն» անվանեց Հայաստանի կողմից ստեղծված խամաճիկների ռեժիմին, որը ստեղծվել է պատերազմական ու մարդկության դեմ ծանր հանցագործությունների միջոցով, այդ թվում՝  տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության դեմ էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ, վառ օրինակ է այն բանի, որ հայ պաշտոնյաները շարունակում են գրեթե 30 տարի տևած օկուպացիոն քաղաքականությունը»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է՝ «այդ միտքը լիովին հակասում է նրա այն հայտարարությանը, թե «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը»»։

ԱԳՆ-ից նշել է, թե «հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրումը լիովին միջազգային իրավունքի շրջանակներում է, և այդ քայլն արվել է Հայաստանի դիվերսիոն գործունեությունը կանխելու նպատակով, ու այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ Աղդամով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին Ադրբեջանի կողմից առաջ է քաշվել առաջարկ, ինչը դրականորեն է ընդունվել միջազգային դերակատարների կողմից, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, նշում է, թե, «հայկական կողմի մերժումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումը չի արտացոլում իրականությունը և ցույց է տալիս, որ Հայաստանը նպատակ ունի շարունակել իր անօրինական գործունեությունը Ադրբեջանի (նկատի ունի՝ Արցախը-խմբ․) տարածքում»։ 

«Բացարձակապես անընդունելի է Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ պատրվակով վերապահումներ անելը․ դա հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը։ Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ սադրիչ քայլերից ու հայտարարություններից, կատարել միջազգային պարտավորությունները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել