«Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը» [Բլոկադան ներսից]
23:56 - 04 օգոստոսի, 2023

«Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը» [Բլոկադան ներսից]

Արցախում վիճակը ոչ թե օր օրի, այլ արդեն ժամ առ ժամ է վատանում, ասում է ստեփանակերտցի Ժաննա Արզումանյանը։ Նա, որ ծնվել, մեծացել եւ ապրում է Արցախի մայրաքաղաքում, որեւէ կերպ չի պատկերացնում իր պետությունը լքելը։ Ահագնացող սովի, դեղորայքի բացակայության, մեկ խոսքով՝ ծանր բլոկադայի պայմաններում անգամ նա առաջին հերթին մտածում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին․ ասում է՝ կամ ինքնապաշտպանվում ենք, կամ տեղահանվում, իսկ ինքնորոշումը, կարծես, առանց զրկանքների չի լինում։

Ժաննա Արզումանյանը

Արզումանյանը նկատում է՝ արդեն ուշաթափության դեպքերը շատանում են, այդ թվում՝ երեխաների, դիաբետով հիվանդների։ Բուժհաստատություններ հասնելը գրեթե անհնար է, երբ վառելիք չկա, բայց եթե հասնել լինում էլ է, դեղերն են վերջացել․ «Երկու օրից կարող է ընդհանրապես ոչինչ չլինի Արցախում։ Հայաստանին կապող միակ ճանապարհը հունիսին ամբողջությամբ փակվեց, ու այս ընթացքում մարդիկ ինչ պահած ունեին, օգտագործել են, ինչը բնական է»,- ասում է զրուցակիցս ու մտահոգվում՝ երեխաների մոտ արդեն ավիտամինոզ է սկսվում, բավարար սննդի բացակայությունն իրենն անում է։

«Այս պայմաններում ոտնահարվում են երեխաների իրավունքները, նրանք մանկություն չեն տեսնում»,- նեղսրտում է Արզումանյանը՝ ասելով, որ իր 13-ամյա թոռնիկը վաճառել է հեծանիվը, որ զինվորների համար սուրճ ու ծխախոտ գնի։ Թեեւ արդեն սուրճն էլ է վերջացել։ Մի տեղից՝ մեկ տուփ, մի տեղից՝ մեկ բլոկ ծխախոտ է առել տղան, սպասում է՝ հերթափոխի հետ ուղարկի․ «Մանկությունը վայելելու փոխարեն երեխաները ժամանակից շուտ մեծանում են․․․»։ 

Արզումանյանն էլ, ինչպես հիմա Արցախում բոլորը, կտրոնով է հացը ստանում։ Վաղ առավոտյան՝ լույսը չբացված, պիտի գնա, սպասի իր հերթին, որ գոնե մի հաց ձեռք բերի։

Զրուցակիցս մտայնություն ունի, որ մեզ՝ հայերիս, հիմա պակասում է միասնականությունը․ «Բոլորս պիտի կանգնենք մի գաղափարի շուրջ, ձեռք ձեռքի բռնենք եւ այս վիճակից դուրս գանք։ Միասնություն՝ նկատի ունեմ ամբողջ հայ ազգի միջեւ, ոչ միայն Արցախում։ Մենք պետք է բոլոր կարծրատիպերը մի կողմ դնենք, բոլոր քաղաքական տեսակետները մի կողմ դնենք եւ անցնենք լուրջ գործի, որովհետեւ կոչ անելով կամ գրառումներով, նամակներով ոչնչի չենք հասնում։ Գուցե վաղը հասնենք, բայց մեզ այսօր ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ»։

Արցախի Փաստաբանների պալատի անդամ Ժաննա Արզումանյանը գիտի՝ իրենց ուժ է տալիս անցած դժվարին ճանապարհը՝ մի քանի պատերազմներ, այդքան երիտասարդ կորսված կյանքեր, այդքան ապրումներ, ուրեմն ինչպե՞ս լքել Արցախը․ «Ինչքան արյուն է թափվել էս հողի վրա, որպեսզի Արցախը մնա հայկական։ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, եւ դա ավելի կարեւոր է, քան ուտելիքի մասին մտածելը»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Ժաննա Արզումանյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել