armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,- ասաց նա:
Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝ Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը:
«Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը:
ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին:
Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին:
«Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը:
Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
comment.count (0)