Կառավարությունը հավանություն տվեց ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ծրագրին |news.am|
12:34 - 17 օգոստոսի, 2023

Կառավարությունը հավանություն տվեց ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ծրագրին |news.am|

news.am: Կառավարությունն իր հերթական նիստում այսօր՝ օգոստոսի 17-ին, հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը՝ ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։

Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

«Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ավելացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։

Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր և 3 տեղանոց չորս սկուտեր։

«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սևանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով»- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ պարեկային ծառայությունը կներդրվի վերջին չորս մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատի և Արմավիրում։ Հաջորդ խնդիրը կլինի դրանցում կանանց ներգրավվածության բարձրացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել