Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկը՝ սպառնալով չընդունել այն, քանի դեռ կառույցն իր պահանջը չի կատարել |armtimes.com|
04:51 - 28 նոյեմբերի, 2019

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկը՝ սպառնալով չընդունել այն, քանի դեռ կառույցն իր պահանջը չի կատարել |armtimes.com|

armtimes.com։ Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ծրագրին, որը նպատակ ունի պաշտպանել Բալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից: ՆԱՏՕ-ի այս ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է կառույցի անդամ 29 երկրների համաձայնությունը:

«Reuters» գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրում է, որ Թուրքիան հրաժարվել է աջակցել այդ ծրագրին:

Ծրագիրն իր երկրի կողմից ընդունելու համար Թուրքիայի ղեկավարությունը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն ավելի լայն քաղաքական աջակցություն ցուցաբերի Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդական ուժերի ծավալած իր ռազմական գործողությանը:

ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին պետական մակարդակով կարգադրվել է չստորագրել փաստաթուղթը այնքան ժամանակ, մինչեւ ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» կճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նշվում է, որ Թուրքիան այս քայլով կարող է տապալել Լեհաստանում ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու գործընթացը:

«Reuters»-ի փոխանցմամբ, Թուրքիան այսպիսով գրեթե «պատանդ է վերցնում» արևելյան Եվրոպայի երկրների բնակիչներին:

Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ Թուրքիայի այս քաղաքականությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի համար:

Չնայած այս ամենին, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Թուրքիայի պաշտպանությամբ՝ նշելով, որ կառույցն ունի Թուրքիայի պես գործընկերոջ կարիք:

Բունդեսթագում այսօրվա ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Եվրոպական միությունն ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունն առանց ՆԱՏՕ-ի, ու նաեւ Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը:

Մերկելի խոսքերով, պաշտոնական Բեռլինը պետք է ջանք ու եռանդ չխնայի՝ կառույցի միասնականության համար. «Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է պահել ՆԱՏՕ-ում արդեն միայն համառազմավարական պատճառներով»,-ասել է կանցլերը:

Թուրքիայի կողմից Բալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանելու մասին ծրագիրը արգելափակելուն արձագանքել են նաեւ Ռուսաստանից:

«Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով ՆԱՏՕ-ի ծրագրին, ասել է, որ բոլորն էլ հրաշալի գիտակցում են՝ Ռուսաստանը ոչ ոքի վրա հարձակվել չի պատրաստվում, փոխանցում է TACC-ը:

Նա հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ-ը հայտարարել է, թե պաշտպանում է Եվրոպական երկրներին Խորհրդային Միության երկրների հարձակումներից եւ այդպիսով ստիպել վճարել իրեն:

«Այսօր այդ նույն ծրագրերն այդքան էլ չեն աշխատում: Չնայած, որ այս պահին կան խնդիրներ Ուկրաինայի հետ, խառը իրավիճակ է Ղրիմի եւ Դոնբասի շուրջ, սակայն բոլորն էլ լավ գիտեն՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մեկի վրա հարձակվել չի պատրաստվում: Դա ուղղակի հիմարություն է, զառանցանք: Ռուսաստանից սպառնալիք տեսնելը այն մարդկանց հորինվածքն է, որոնք ուզում են բոնուսներ շահել եւ Եվրոպայի առաջատար երկրները սա հրաշալի գիտակցում են», -ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի իր դաշնակիների հետ հարաբերությունները փոխելու համար, քանի որ պնդելը, թե «Մենք ձեզ պաշտպանում ենք՝ վճարեք», շատ քիչ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել